Տարվա հայերեն բառը
Լեզվի կոմիտեն ամփոփեց «Տարվա բառը-2023»-ի արդյունքները։ 12 քվեարկվածներից ամենաշատ ձայներն է ստացել ԱՊՐՈւՄԱԿՑՈւՄ բառը (42%)։
«Թեև դիմացինի ապրումներին հաղորդակից լինելը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է։ Հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երևույթ ավելի ընդգրկուն է։
Ունի բառարանային գրանցում։
Ինչո՞ւ է նախապատվությունը տրվել այս բառին։ Մարդկային հարաբերություններին ուղղված մեր թարմ հայա՞ցքն է բնորոշում այն, մեր կարիք-ակնկալի՞քը դիմացինից, թե՞ այդ ամենամարդկային հատկանիշը կորցնելու վախը։ Գուցե բոլորը միասին։
Այնուամենայնիվ, մեծամասնության համար անցնող տարվա բառը ԱՊՐՈւՄԱԿՑՈւՄ-ն է։
Երկրորդ տեղում ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ բառն է (30%)։ Սա մենիմաստ բառ չէ, բայց մեզ համար այսօր այն նախ և առաջ նշանակում է պատերազմի, հակամարտության բացակայություն, և բնական է, որ շատերի հայացքը նրան է ուղղված։ Կարևոր է նաև մարդու ներքին խաղաղությունը։ Իսկ դրա համար այս բառի մյուս իմաստներն են պետք․ լռություն, հանդարտություն, անդորրություն, հաշտություն և այլն։
Երրորդ տեղում ՀԱՅԱՍԱԹ բառն է (7%)։ Հայասաթ-1-ը հայկական առաջին տիեզերական արբանյակն է։ Բառը ստեղծվել է հայ և լատիներեն ծագմամբ satelles` արբանյակ բառերից, որոնք միացել են ա հոդակապով։ Բնորոշում է մեր լավատեսությունը Հայաստանի գիտական ապագայի նկատմամբ»։