top of page

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են կրակի դադարեցման և ուժերը հեռացնելու շուրջ



Բիշքեկն ու Դուշանբեն պայմանավորվել են սահմանին կրակի լիարժեք դադարեցման, ինչպես նաև կոնֆլիկտի վայր ուղարկված հավելյալ ուժերի ու տեխնիկայի դուրսբերման շուրջ։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը, փոխանցում է TASS-ը։


Նշվում է նաև, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն բացելու երթևեկությունը Բատկեն-Իսֆանա (Ղրղզստան) ավտոճանապարհով, ինչպես նաև սահմանային շրջաններում իրականացնելու կողմերի իրավապահ մարմինների աշխատակիցների համատեղ պարեկություն՝ կոնֆլիկտ թույլ չտալու նպատակով։


Կոնֆլիկտը Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների միջև սկսվել էր հունվարի 27-ին Բատկեն-Իսֆանա ավտոճանապարհի հատվածներից մեկում՝ Տորտ-Կոչո տեղանքում։ Ղրղզստանի ներկայացուցիչները հայտնել են, որ տաջկական կողմն անհայտ պատճառներով փակել է Օշ-Բատկեն-Իսֆանա ճանապարհը, ինչն էլ դարձել է իրադրության սրացման պատճառ։


Կոնֆլիկտի հետևանքով զոհվել է տեղի մեկ բնակիչ, ում տան վրա արկ է ընկել, տուժել է 17 մարդ։ Վնասվածքներ են ստացել 13 տաջիկներ, որից 11-ը զինվորականներ են։ Ղրղզական կողմից կա 4 վիրավոր։ Հրազենային վնասվածք է ստացել Իսֆանայի քաղաքապետի օգնականը, ով մի քանի այլ պետծառայողների հետ եղել է դեպքի վայրում։

bottom of page