«ՀՐԱՊԱՐԱԿ». ԶԱԽԱՐՈՎԱՆ ՊԵՏՔ Է ԱՍԵՐ` ԳՆԱՑԵՔ, ԹՈՂ ՁԵԶ ԽԺՌԵՆ ԳԻՇԱՏԻՉՆԵՐԸ
- anigevorgn
- Sep 21, 2024
- 5 min read

Համահայկական համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական մեղադրանքներն ուղղեց ՀԱՊԿ-ին, նշելով, որ այն սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ Այդ հայտարարություններն անաձագանք չեն մնացել․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը, դրանք արկածախնդրություն են։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, սովետական տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի հետ զրուցել ենք Փաշինյանի հայտարարությունների տրամաբանության, հայ-ռուսական դաշինքի ու դրա այլընտրանքների, ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունների մասին։
-Զախարովան որակել է Փաշինյանի հայտարարությունները արկածախնդրություն։ Տրամաբանություն կա՞ դրանում․ Փաշինյանը մեղադրում է ՀԱՊԿ-ին, բայց շարունակում է մնալ այդ կառույցում։
-Ես կարծում եմ, որ տրամաբանություն երկուսի հայտարարությունների մեջ էլ կա, բայց տրամաբանություններն իրարից ակնհայտորեն տարբերվում են, որովհետև իսկապես Զախարովայի հայտարարությունը սպառնալիքի, շանտաժի հայտարարություն է։
-Ո՞րն է սպառնալիքի կամ շանտաժի բաղադրիչը։
-Իրենք էլ պետք է որևէ նախաձեռնությունով հանդես գան, այսինքն, վռնդեն Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ից, որովհետև ՀԱՊԿ-ը դոնոր է՝ անվտանգության դոնոր է։ Եթե այդ կազմակերպության անդամներից մեկն անպարտաճանաչ է, ու այն հայտարարությունները, որ անում է Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, որ շնորհակալության և երախտագիտության հայտարարություններ չեն, ՀԱՊԿ-ը պետք է ազատվի իր անպարտաճանաչ, անբարեխիղճ, անշնորհակալ գործընկերոջից։ Տրամաբանությունն այդպիսին պիտի լիներ՝ առողջ տրամաբանությունը։ Չե՞ք ուզում՝ դե, ուրեմն գրողի ծոցը գնացեք, ինչպես ասում են ռուսները։
-Փաստորեն, թե Նիկոլ Փաշինյանը, թե ռուսական կողմը ոչ առողջ տրամաբանություն ունեն ունեն։
-Ոչ թե ոչ առողջ, այլ կեղծ տրամաբանություն է դա, որովհետև իսկապես աջակցողը, օգնողը, դոնորը պետք է հրաժարվի անշնորհակալ հաճախորդից, բայց չի անում, այսինքն, Մարիա Զախարովան պետք է ասեր՝ ավելի լավ, փաստաթղթերով մենք ենք ձեզ հեռացնում, մենք ձեզ կհեռացնենք, ոչ թե դուք դիմում ուղարկեք, որ անդամավճար չեք տալիս, միջոցառումներին չեք մասնակցում։ Գնացեք, թող ձեզ խժռեն գիշատիչները: Ինքը դա չի ասում, սա էլ գժվում է, որ հաճախորդը՝ անվտանգություն սպառող հաճախորդը հայհոյում է իրենց։ Եվ մյուս կողմը՝ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքիր է, եթե զգում ես, որ դա ոչ թե աջակցություն է, այլ վտանգ է, ուրեմն դիրքավորվիր։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիրքավորվել, այսինքն, անցնել մի ուրիշ դաշինք առնվազն, որտեղ Հայաստանի Հանրապետության շահեը պաշտպանվում են, որտեղ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովում են, բայց հայհոյել մի կազմակերպության և շարունակել մնալ, ստացվում է, որ դու հակառակորդի ճամբարում ես, դու վտանգում ես ինքդ քեզ և մի ուրիշ տեղ, որտեղ, ենթադրում ենք, որ կապահովեին ՀՀ-ի անվտանգությունը, նրանց էլ չես դիմում կամ էլ լավ չես դիմում։ Կարծում եմ, այստեղ էլ տրամաբանությունը կեղծ է, ինչ-որ բան այն չէ։
-Դուք խոսում եք մեկ այլ դաշինքի դիմելու մասին, սակայն Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա արտադաշինքային երկիր, որևէ դաշինքում ներգրավված չլինի։
-Ես կարծում եմ, որ դա անլուրջ է` պետությունները, երկրագունդը բաժանված է դաշինքների։ Որևէ պետություն, Միացյալ Նահանգները՝ գերհզոր ԱՄՆ-ն, դաշինքով են ապահովում իրենց անվտանգությունը՝ ես ուրիշ օրինակներ չբերեմ։ Հայաստանը ի՞նչ, ավելի հզո՞ր է, ավելի մարտունակ բանակ ունի՞, քան Միացյալ Նահանգները, որ ինքնուրույն, իր ռեսուրսներով կարողանա ապահովել իր անվտանգությունը։
-Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն անվտանգության մասին տարբերվում են ամբողջ աշխարհում գոյություն ունեցող պատկերացումներից և տեսլականից։ Նա գտնում է, որ առանց հզոր բանակի էլ, զուտ խաղաղություն հաստատելու մասին կոչերով կարելի է ունենալ անվտանգություն։
-Ես կարծում եմ, որ դա անլուրջ մոտեցում է, անվտանգության գաղափարին անլուրջ մեկնաբանություն է: Ես Ձեզ հետ համաձայն եմ, այսինքն, հարցադրումը համարում եմ տեղին։
-Խոսենք այլընտրանքային դաշինքներից։ Կա՞ աշխարհում մի դաշինք, որտեղ սպասում են Հայաստանին, որը մեզ առաջարկում է ռեալ, հողի վրա ծրագրեր։ Շանս ունե՞նք անդամակցել այլ դաշինքի, բացի ՀԱՊԿ-ից։
-Նախ ՀԱՊԿ-ն, ըստ երկու կողմի հայտարարությունների, անվտանգության դաշինք չէ, այլ վտանգավորության՝ դա սպառնալիք է։ Հիմա հարկավոր է գտնել այդպիսի դաշինք կամ ձևավորել, ինչո՞ւ չէ։
-Իսկ ունա՞կ ենք ձևավորել։
-Իսկ ինչո՞ւ ոչ․ այնպես չի, որ Հայաստանն իսկապես որևէ մեկին պետք չի, ես կարծում եմ, որ Բելառուսի նախագահը թյուրիմացության մեջ է` Հայաստանը հենց Բելառուսին էլ շատ պետք է՝ որպես դաշնակից։ Հայաստանը կարևորագույն աշխարհագրական դիրք է գրավում, և շատ շատերը կուզենան Հայաստանի տարածքում, աշխարհագրական այս հատվածում ունենալ դաշնակից։ Հարկավոր է գտնել այդ դաշնակցին և նրա հետ դաշինք կնքել։ Կամ` գոյություն ունեցող, օրինակ ՆԱՏՕ-ին։ Հարկավոր է փնտրել, այդ ուղղությամբ լուրջ և եռանդուն աշխատանք կատարել։
-Մենք այդքան ժամանակ ունե՞նք ՆԱՏՕ-ին դիմելու, աշխատանքներ տանելու համար։ Չունենք, մենք երեկ պետք է դա անեինք, ես Ձեզ հետ համաձայն եմ, մենք ժամանակ չունենք՝ երեկ պետք է դա արած լինեինք։ նախքան հայտարարելը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, կամ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները կասեցնելու մասին, նախօրոք պետք է արդեն ուրիշը ստեղծած լինեինք, նոր սրան հայհոյեինք։ Նախօրոք պետք է արված լիներ՝ մենք բաց ենք թողել, վտանգել ենք մեր երկրի անվտանգությունը` այդպես հայտարարելով: Հիմա ասում եմ` գոնե ուշ, բայց եռանդուն և մեծ ջանքերով հարկավոր է գտնել դաշինք, գտնել մի տեղ ինտերնացիոնալ, որտեղ որ մենք ունենք համակիրներ, դաշնակիցներ, շահակիրներ։ Երկիր, որի շահերը համընկնում են մեր շահերի հետ, այդպիսիք կան։ Դա կարող է ոչ միայն ֆորմալ դաշինք լինել, այլև երկկողմանի դաշինքային հարաբերություններ՝ երկկողմանի անվտանգության, օրինակ, Հունաստանի, Կիպրոսի կամ այլ որևէ պետության հետ, Վրաստանի հետ կարելի է կնքել այդպիսի մի բան։
-Ուկրաինային նայենք, երկիրը փաստացի կործանվել է, տղամարդկանց մեծ քանակ սպանված է ու խոսք անգամ չի գնում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ի անդամակցության մասին։ Մի քանի անգամ դիմել է արագացված կարգով անդամակցությունը կազմակերպելու համար, սակայն 2 կառույցներն էլ հայտարարել են, որ Ուկրաինան չի համապատասխանում այդ չափանիշին։ Ուկրաինան անհամեմատ ավելի կարևոր է ՆԱՏՕ-ի համար, մենք մեր հույսն ինչի՞ վրա ենք դնում, երբ ասում ենք, որ պետք է ՆԱՏՕ-ին անդամակցենք։
-Հարկավոր է սովորել Ուկրաինայի սխալների վրա։ Դա դժվար բան է` ուրիշի սխալներից սովորելը, հարկավոր է նույն բաները չանել, ինչ արել է Ուկրաինան։ Այսինքն, հարկավոր է ճիշտ ժամանակին դաշնակիցներ փնտրել, թեկուզ ՆԱՏՕ-ի հետ լինել պատրաստվածության այն մակարդակի վրա, որ ՆԱՏՕ-ն մերժելու հնարավորություն չունենա, Եվրամիությունը նույնպես։ Պետությունն ու իշխանությունները հենց դրա համար են, որ ճիշտ ժամանակին ապահովեն երկրի համատեղելիությունը որևէ հզոր դաշինքի կամ տնտեսական միության հետ։ Ես կարծում եմ այդ հարցում Հայաստանը իսկապես ուշանում է ու դասը չի սովորում։ Հարկավոր է արագ ձևով բանակային և տնտեսական բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն առարկելու առիթ չունենան ու չդառնանք մի ուրիշ Ուկրաինա, մի ուրիշ պատերազմի թատերաբեմ։ Ես համաձայն եմ Ձեր ասածի հետ` տղամարդկանց ոչնչացնեն, աղջիկներին բռնաբարեն։
Հարկավոր է դասը սովորել և չկրկնել Ուկրաինայի սխալները, արագ բարեփոխումներ իրականացնել և գտնել բանալին այդ դռների՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության։ Եթե մենք կարող ենք համապատասխանել նրանց ստանդարտներին, քրեա-օլիգարխիկ համակարգով մենք չենք կարող մտնել այդ երկու համակարգի մեջ, ճիշտ նույն ապտճառով Ուկրաինային չեն ընդունում, որովհետև Ուկրաինան նույնպես քրեա-օլիգարխիկ համակարգ ունի լուրջ։ Նրանց կողմից կա գնահատական, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այդ գնահատականը տվել են, ասում են` չեն համապատասխանում ձեր զինված ուժերն ու տնտեսությունը մեր ստանդարտներին, այնպես որ հերթ կանգնեք։ Կարծում եմ, որ մենք պետք է արագ շտկենք մեր ռազմական քաղաքականությունը, պաշտպանական, տնտեսական քաղաքականությունները, որպեսզի մեզ խնդրեն, հրավիրեն, գայթակղիչ լինենք։ Մեր աշխարհագրությունը լավն է, մենք էլ պետք է համապատասխան քաղաքական կուլտուրա ունենանք և մեզ կհրավիրեն։
-Արցախի դեմ վերջին պատերազմի տարելիցն է։ Իշխանությունները սգի օր չհայտարարեցին, իշխանական որոշ արբանյակներ նույնիսկ հայտարարում էին, որ Սեպտեմբերի 19-ն է Հայաստանի անկախության օրը։
-Ես կարծում եմ, որ Արցախի հարցը ՀՀ քաղաքական օրակարգում պետք է մնա ոչ միայն, որ դա մեր հայրենիքն է և արցախցիներն էլ մեր հայրենակիցներն էլ, այլ զուտ քաղաքակրթական առումով, մարդասիրական առումով տեղի է ունեցել գենոցիդի մի տեսակ՝ ժողովուրդը արտաքսվել է իր հայրենիքից։ Որպես քաղաքացի, որպես հոմոսապիենս, մենք պետք է անպայման դա պահենք մեր օրակարգում և պետք է պաշտպանենք, պայքարենք Արցախի համար, որպես քաղաքացի, որպես մարդ։ Գենոցիդ է տեղի ունեցել՝ դա Նամիբիայում է, Ուգանդայում է, թե Արցախում է` մենք պարտավոր ենք դիրքավորվել և աջակցել տուժած ժողովորդին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/286def5441ccb2e2d61114a060ae4045?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3fiZp4xGn77WOunPK0unPJZKGXjb4LtCCSwAr2G2aJH0PeoqiGBX3Al_Y_aem_gQeq5QRUSf113cqgcbCaRg
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»