Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Նրանք քննարկել են ռազմական աջակցության շարունակականությունը, այդ թվում՝ համագործակցությունը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ոլորտում. հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն անսասան աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վստահեցրել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։
Արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու և զինված ուժերը հզորացնելու համար։
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված գործնական քայլերը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ոլորտներում համագործակցության զարգացումը», - հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից։
Դմիտրի Կուլեբան ԱՄՆ պաշտպանության նախարարին տեղեկացրել է Ուկրաինայում տարածքային պաշտպանության ձևավորման մասին և «սերտ համագործակցության հույս է հայտնել դրա զարգացման համար»։
Կողմերը պայմանավորվել են ընդլայնել խորհրդակցություններն ու շփումներն ամենաբարձր ռազմաքաղաքական մակարդակով։