top of page

Սպանվածի հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մտել են կասկածյալի տուն. Ոստիկանները կանխել են վենդետան

Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիր մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պուշկին փողոցի հասցեներից մեկում հունվարի 14-ին սպանված 33-ամյա Անդրանիկ Պ․-ի հարազատներից մի կին և մի  տղամարդ թաղման տեղից հանկարծակի մտել են սպանություն կատարած կասկածյալի, Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հապետ Կ․-ի տուն և վնասել պատուհանի ապակին և բակում կայանված ավտոմեքենայի դիմապակին:

Տեղում պարզվել է, որ վերը նշված արարքը կատարել են հանգուցյալ Անդրանիկ Պ․-ի մորաքույր՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Կարինե Ս․-ն և Անդրանիկ Պ․-ի եղբայր, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հայկ Պ․-ն, ովքեր հուղարկավորության մասնակիցների հետ մեքենայով եկել են կասկածյալի տան մոտ, անակնկալ իջել են մեքենայից, մուտք են գործել տան բակային հատված, որտեղ Հայկ Պ․-ն կոտրել է բակում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Ժիրայր Կ․-ին պատկանող «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային հայելին և դիմապակին, իսկ Կարինե Ս․-ն գետնից փայտ է վերցրել և հարվածել տան բակում գտնվող պատուհանին և կոտրել այն, որից հետո նշված ժամանակահատվածում բակային հատված են ներխուժել հուղարկավորության մոտ 15 այլ մասնակիցներ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի քրեական ու համայնքային ոստիկաներին հաջողվում է բացատրական աշխատանքների շնորհիվ բակ մուտք գործած քաղաքացիներին հեռացնել դեպքի վայրից:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

bottom of page