Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան
Թուրքմենստանում այս տարվա մարտի 12-ին արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնական Բեզիրգեն Կարաեւը:
Նախօրեին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի վերին պալատի՝ Ժողովրդական խորհրդի արտահերթ նիստին ասաց, որ անհրաժեշտ է կառավարումը զիջել երիտասարդ առաջնորդներին: Թուրքմենական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «այդ կապակցությամբ ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է սկսել համապատասխան աշխատանքները՝ Թուրքմենստանի Սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխան»։
«Թուրքմենստանի նախագահի հանձնարարականի համաձայն՝ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է մարտի 12-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստումը», - «ՌԻԱ Նովոստի»-ն հեռախոսով հայտնել է Թուրքմենստանի ԿԸՀ ղեկավարի օգնականը։