Շոլցը հայտարարել է «Հյուսիսային հոսք -2» գազատարի հավաստագրման դադարեցման մասին
«Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործման հանձնումը կսառեցվի։ Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա հայտարարել է, որ Գերմանիայի էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությանը հանձնարարել է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ առաջնային պատժամիջոցներին զուգահեռ կարևոր է կանխել հետագա էսկալացումը, որին ուղղված են դիվանագիտական բոլոր ջանքերը։
«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտվել է դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ Դրա շահագործմանը դեմ են արտահայտվում Ուկրաինան և Արևելյան Եվոպայի մի շարք երկրներ, որոնք պնդում են, որ տվյալ գազատարը գործիք է Ռուսաստանի քաղաքական ազդեցության համար։
ԱՄՆ-ի կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը կմեծացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։