ՌԴ պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ․ Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պուտինը պատրաստ է ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակություն ուղարկել պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով:
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ գործողության նպատակն է օգնել Դոնեցկին և Լուգանսկին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման միջոցով: Եվ սա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,- պարզաբանել է նա։
Պեսկովը նշել է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Պուտինին, որ պատրաստ կլինի ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու և բանակցողների անվտանգության համար։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին, Ուկրաինայում կռիվներ են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, դադարեցնենք մարդկանց մահը»,-ասել է նա ռուսերենով։