Հնդկաստանը կարտադրի 600 հազար «Կալաշնիկով» ինքնաձիգ․ կայացել է Պուտին-Մոդի հանդիպումը
Կորոնավիրուսի համավարակից ի վեր Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ է աշխատանքային այցով մեկնել արտերկիր։ Ուղևորությունը Հնդկաստան պայմանավորված է երկու երկրների միջև արտոնյալ ռազմավարական գործընկերությամբ։
Ռուսաստանի ղեկավարին աշխատանքային այցի ընթացքում ուղեկցում էին երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Եվ դա պատահական չէ, քանի որ կողմերը պայմանավորվել են խորացնել ռազմական համագործակցությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են պաշտպանական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մտադրությունը և 2021-2031 թթ. ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի մասին համաձայնագիր են ստորագրել։
Ըստ այդմ, Հնդկաստանի ձեռնարկություններում կարտադրվի 600 հազարից ավելի «Կալաշնիկով» ինքնաձիգ։
Ռուսաստանը նաև հետաքրքրված է շարունակել Հնդկաստանին С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։ Ըստ նախկին համաձայնագրերի՝ այս ամիս արդեն սկսվել են С-400-ների մատակարարումները։
Վլադիմիր Պուտինն ու Նարենդրա Մոդին նաև պայմանավորվել են զարկ տալ փոխադարձ առևտրին՝ մինչև 2025 թվականը տարեկան առևտրաշրջանառությունը հասցնելով 30 միլիարդ դոլարի։