top of page

Պուտինն ու Մակրոնը բանակցություններ են սկսել Մոսկվայում



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան եւ Փարիզը անվտանգության ոլորտում ընդհանուր մտահոգություն ունեն եւ շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ այդ խնդրի լուծմանը մասնակցելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչը կուզեի հատկապես ընդգծել՝ ես, իհարկե, հասկանում եմ, որ մենք ընդհանուր մտահոգություն ունենք այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Եվրոպայում անվտանգության ոլորտում։ Եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ Ֆրանսիան մշտապես ամենաակտիվ մասնակցությունն է ունենում այս ոլորտում հիմնարար որոշումների մշակման գործում»,- ասել է Պուտինը։


Նա նշել է, որ այդպես է եղել նորագույն հարաբերությունների հենց սկզբից։ Պուտինը նաեւ ուշադրություն է հրավիրել հենց այսօր՝ հիմնադիր փաստաթղթի՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հատուկ հարաբերությունների մասին պայմանագրի 30-ամյակի օրը, հանդիպման խորհրդանշականության վրա։


«Կարծում եմ, որ այսօրվա խոսակցությունն ինձ համար կարող է սկսել այն ճանապարհը, որով մենք պետք է գնանք, սա դեէսկալացիա է։ Մենք գիտենք ռազմաքաղաքական իրավիճակը, գիտենք ուկրաինական հարցը, որի մասին դուք հիշեցրիք, թե որքան կարեւոր է այն։ «Նորմանդական ձեւաչափը», տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ու հավաքական անվտանգության հարցերը, որոնց մասին կխոսենք։ Ուստի ես ուրախ եմ, որ կկարողանամ խորությամբ քննարկել այդ հարցերը, եւ մենք կկարողանանք հավաքականորեն օգտակար պատասխան գտնել Ռուսաստանի եւ ամբողջ Եվրոպայի համար։ Օգտակար պատասխանն այն պատասխանն է, որն, իհարկե, թույլ է տալիս խուսափել պատերազմից եւ ստեղծում է կայունություն, տեսանելիություն եւ վստահություն բոլորի համար»,- նշել է Մակրոնը։ Նրա խոսքով, այսօր Եվրոպայում ստեղծված «կրիտիկական իրավիճակը մեր մտահոգությունն է առաջացնում»... «Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մենք բոլորս պատասխանատվությամբ վարվենք։ 2019թ. մենք հիմք ենք դրել երկխոսության, բաց, պահանջկոտ, լիարժեք երկխոսության համար։ Դրանից հետո Սանկտ Պետերբուրգում, Բրեգանսոնում եւ այլ վայրերում մի քանի մտքերի փոխանակություն է եղել, եւ, կարծում եմ, որ այն, ավելի քան երբեւէ, տեղին է։ Այս երկխոսությունն անհրաժեշտ է, քանի որ եվրոպական մայրցամաքի համար իրական կայունությունն ու անվտանգությունն ապահովելու միակ միջոցն է»։

bottom of page