top of page

Իրավիճակի կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է. Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը և բոլոր կողմերի պատրաստակամությունը: TASS գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Անկասկած, ինչ-որ փուլում այդ շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


Վերջինս հավելել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին տիրող հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ համաձայնության պահպանման օգտին:


«Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերսկսումն իսկապես այն է, ինչ երեկ լուրջ անհանգստության պատճառ դարձավ, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց հակամարտող կողմերին զսպվածության կանչել», - ասել է Պեսկովը:


«Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի անել դա: Մենք այնուամենայնիվ հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է», - ընդգծել է Պեսկովը:

bottom of page