top of page

Մեր պատմամշակութային համալիրներն այսօր վտանգված են. Փաշինյան



Մեր պատմամշակութային ու հոգևոր ժառանգության կարևոր համալիրներն այսօր վտանգված են և հրատապ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդիրը լուծելու համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց մի որոշման նախագծի, որով ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջեից 128 մլն 439 հազար դրամ վերաբաշխում կիրականացվի, որից որից 98 մլն 401 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Լոռի բերդ ամրոցի տարածքում պեղումներ, ինչպես նաև որո հատվածների ամրակայման ու վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ 20 մլն 138 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ Տավուշի ամրոցի տարածքում պեղումներ իրականացնելու համար։ Եվս 9 մլն 900 հազար դրամ կհատկացվի «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ Արենի 1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կատարելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն, որովհետև կարևորում են մեր ինքնության ու պատմության հուշարձանների պահպանումը։

«2020-ից մի ծրագիր պետք է սկսեինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց։ Խոսքը մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագիր իրականացնելու մասին է։ Այս դեպքում խոսքն ամրոցների և բերդերի մասին է։ Ցավոք այնպես է ստացվել, որ մենք ամրոցների, բերդերի և քաղաքացիական ու պետական նշանակության կառույցների բավականին հարուստ ժառանգություն ունենք, բայց այդ հարուստ ժառանգությունը բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը։ Դրանք երկար ժամանակ որևէ վերականգնման, ամրացման աշխատանքների չեն ենթարկվել և այս առումով մենք պետք է առանձնակի կարևորություն տանք այս ուղղությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց, որ այս ամենը տնտեսության ու զբոսաշրջության համար ունի առանցքային նշանակություն։

1/1788
bottom of page