top of page

ԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին․ ՄՕԿ-ի արձագանքը չի ուշացել


Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մեկնաբանել է 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին դիվանագիտական ​​բոյկոտ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է Match TV-ն։


Կազմակերպությունն ընդգծել է, որ պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունն Օլիմպիադային յուրաքանչյուր կառավարության զուտ քաղաքական որոշումն է, և ՄՕԿ-ը, լինելով քաղաքականապես չեզոք, ճանաչում է այդ իրավունքը։ Կոմիտեն հաստատել է, որ ամերիկացի մարզիկների մասնակցությունն Օլիմպիական խաղերին մնում է քաղաքականությունից դուրս։


Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել էր, որ ամերիկյան ղեկավարությունը չի մեկնի Չինաստան՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերին։ Նրա խոսքով՝ ամերիկացի մարզիկներն անձամբ կորոշեն՝ մասնակցե՞լ միջազգային մրցումներին, թե՞ հրաժարվել դրանցից։


Ի դեպ, ԱՄՆ-ից հետո Կանադայի իշխանությունները ևս մտածում են Չինաստանում Օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին: Այդ մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ խոսնակ Քրիստել Չարտրանը։


Օլիմպիական խաղերը Չինաստանի մայրաքաղաքում կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը, Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-ից 13-ը։

bottom of page