«Ֆուլ Հաուս»-ի շրջագայությունների ժամանակ հասկացանք, որ խանդում ենք իրար ու սիրահարված ենք միմյանց». Արփի Գաբրիելյանը՝ իր և Միհրանի սիրո պատմության մասին
«Ես ու Միհրանը մինչև «Ֆուլ Հաուս» նախագիծը ճանաչել ենք իրար, ու ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Սկսվել էին նկարահանումները, մենք շատ լավ գործընկերներ էինք»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր և Միհրան Ծառուկյանի սիրային հարաբերությունների մասին, պատմել է դերասանուհի Արփի Գաբրիելյանը:
«Սկզբում ո՛չ ես, ո՛չ նա երբևէ չենք մտածել, որ մեր կողակիցը պիտի լինի հենց մեր ասպարեզից:
Շրջագայությունների ժամանակ սկսում ես մարդուն ավելի լավ ճանաչել, հետո սկսում ես նրա տղամարդկային հատկությունները գնահատել: Միհրանը շատ ուշադիր էր, հոգատար, հումորով: Ինձ համար դա շատ կարևոր է:
Մենք դերասանական կազմով էլ սկսեցինք մտերմանալ այդ ընթացքում: Իսկ մեր հարաբերությունները քիչ-քիչ, փոքրիկ քայլերով են զարգացել: Հետո հասկացել ենք, որ սիրահարվել ենք միմյանց:
Շրջագայություններից մեկի ժամանակ հասկացանք, որ ինչ-որ քիմիա կա մեր միջև: Հասկացանք, որ միմյանց խանդում ենք, բայց չենք կարողանում շատ արտահայտվել: Դրանից հետո այլ հարթակ տեղափոխվեցին մեր հարաբերությունները, բայց շատ երկար ու դժվար ժամանակահատված էր պետք մեր միասին լինելու համար:
Եղան շատ խանգարող հանգամանքներ, բայց Աստված ամեն ինչ այդպես դասավորեց:
Շատ դժվար էր խաղալ նրա հետ, ում հետ տևական ժամանակ ընդհանրապես չէինք շփվում: Պիտի խոսես, բայց դու այդ մարդու հետ չես խոսում:
Լինում էր պահեր, երբ գնում էի սենյակում արցունքներս մաքրում էի, որ գամ ու խաղամ շատ ծիծաղելի տեսարան: Բայց երևի այդ դժվարություններն են, որ հիմա ավելի կապված ենք միմյանց հետ:
Սկզբում ոչ թե փորձում էինք թաքցնել թիմից մեր հարաբերությունները, այլ փորձում էինք նախ հասկանալ արժե՞ հանրայնացնել, թե՝ ոչ:
Հետո ստացվեց այնպես, որ բոլորն էլ իմացան: Նրանք հետո տեսնում էին վառ, էմոցիոնալ տեսարաններ, կռիվներ, նրանք ամեն ինչ տեսել են:
Նկարահանման հրապարակում պահեր էին լինում, որ օրինակ ասում էի՝ Միհրան, տեքստը անցիր, նա ասում էր՝ չեմ անցնի, ու դա տեսնում էին բոլորը:
Նրանք այնքան ճիշտ էին ամեն ինչ անում այդ պահին, շատ հոգատար կերպով փորձում էին հարթել, մեզ օգնել»,- անկեղծացել է Արփի Գաբրիելյանը: