top of page

«Հրաշք ներարկումներ» նիհարելու համար. Օզեմպիկ՝ արդյունավետ բուժում, թե՞ նորաձև թրենդ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 15
  • 5 min read

Վերջին տարիներին Ozempic դեղամիջոցը, որն ի սկզբանե մշակվել է 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար, նիհարելու հայտնի դեղամիջոց է դարձել: Սոցցանցերում այն ​​անվանվել է «հրաշք ներարկում» քաշի կորստի համար, և դեղամիջոցի պահանջարկն այնքան է աճել, որ որոշ երկրներում մատակարարման պակաս է առաջացել, մինչդեռ այն արտադրող Novo Nordisk-ը դարձել է Եվրոպայի ամենաթանկ ընկերությունը հսկայական կապիտալիզացիայով, որը գերազանցում է հայրենի Դանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ):

Սակայն Ozempic-ի առանց բժշկի նշանակման օգտագործումն ինչպես բժշկական, այնպես էլ էթիկական հարցեր է առաջացնում: Որքանո՞վ է անվտանգ նիհարելու այս եղանակը և որո՞նք են դրա հետ կապված ռիսկերը: Դա հասկանալուն մեզ կօգնի էնդոկրինոլոգ Դիանա Խաչատուրյանը։

Օզեմպիկ. արդյունավետ բուժում, թե՞ նորաձև թրենդ

Իրականում «Օզեմպիկ»-ը լավ դեղամիջոց է, բայց երբեմն այն վարկաբեկում են մարդիկ, որոնք դեղն ընդունում են առանց բժշկի նշանակման և առանց հիմնավորման, նշում է բժիշկ Խաչատուրյանը։

Ozempic-ը գործում է օրգանիզմի մի քանի հատվածների վրա։ Դեղը խթանում է ինսուլինի արտազատումը, բայց դա անում է գլյուկոզայից կախված եղանակով: Կոպիտ ասած, եթե գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, ինսուլինի խթանումը մեծանում է։ Եթե ​​գլյուկոզայի մակարդակը նորմալ է, խթանում չկա։ Այդ հանգամանքը դեղը «խելացի» է  դարձնում: Բացի դրանից, այն նվազեցնում է ինսուլինի անտոգոնիստ գլյուկագոնի արտանետումը: Ozempic-ը միաժամանակ դանդաղեցնում է ստամոքսի դատարկումը, ինչը հագեցվածության զգացում է առաջացնում և ազդանշան է ուղարկում ուղեղին, որ մարդը կուշտ է։ Մյուս ազդեցությունն էլ գլխուղեղում սովի կենտրոնի ճնշումն է: Դեղը համալիր է գործում՝ ազդելով կենտրոնական նյարդային համակարգի, ենթաստամոքսային գեղձի և աղիների վրա, ինչն էլ ապահովում է դրա լավ արդյունավետությունը։

Դեղամիջոցի օգտագործումը շարունակում է ընդլայնվել: Որոշ երկրներում Ozempic-ը կիրառվում է ոչ միայն ճարպակալման դեմ պայքարի համար: Այսպես, այս տարվանից դրա օգտագործումը հաստատվել է նաև Եվրոպայում՝ երիկամային հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար։ Այս տարի Novo Nordisk-ը դեղամիջոցի ցուցումների ընդլայնման համար դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում։

«Հրաշք ներարկումներ» նիհարելու համար. մասնագետի տեսակետը ​​

«Ozempic-ը ապացուցել է, որ արդյունավետ դեղամիջոց է ավելորդ քաշ ունեցող շաքարախտից տառապողների համար: Ozempic-ի օգտագործումն օգնում է նվազեցնել մարմնի քաշը, որն իր հերթին բարելավում է շաքարախտի ընթացքը։ Իրական արդյունքները՝ 10-15 կգ կորուստը, նպաստում են դեղամիջոցի ժողովրդականությանը, հատկապես ավելորդ քաշի դեմ տարիներ շարունակ անհաջող պայքար մղողների շրջանում։ Մարդիկ ձգտում են խնդրի հեշտ լուծմանը՝ երազելով ուտել սրտի ուզածը ու միաժամանակ չճարպակալել։ Ահա թե ինչու են շուկայում հայտնվում այդքան «ճարպ այրիչ» դեղամիջոցներ, որոնք գործնականում ոչ այլ ինչ են, քան մարքեթինգային հնարք։

Ozempic-ի արդյունավետությունն ապացուցված է, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այն ​​օգտագործում են նիհարելու համար նույնիսկ շաքարախտ չունեցող մարդիկ։ Հայաստանում նման թույլտվություն չկա, ուստի բժիշկներն այդ նպատակով, որպես կանոն, չեն նշանակում»,- նշում է բժիշկ Խաչատրյանը։

Օզեմպիկ. շեշտակի արդյունք, ի՞նչ է լինում հետո

«Կան բուժառուներ, ովքեր «Ozempic»-ն off-label (առանց բժշկի նշանակման) են ընդունում և իսկապես լավ արդյունքների են հասնում: Ընդսմին, որպես էնդոկրինոլոգ, ես երբեք ի սկզբանե դեղն այդ խմբի համար չէի նշանակի: Եթե ​​մարդու մոտ ճարպակալում է, պետք է նախ սկսել փոփոխել ապրելակերպը՝ ճիշտ սնվել և մարզվել։ Եթե ​​սկսեք ոչ թե դրանից, այլ խնամյալի համար արդյունավետ դեղամիջոց նշանակելուց, առողջ ապրելակերպի գերիշխող սկզբունքները չեն ձևավորվի։ Դա նշանակում է, որ դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուն պես կհայտնվեք «հին տաշտակի առաջ»: Քաշը կպահպանվի 1-3 ամիս, բայց դրանից հետո կսկսվի քաշի ավելացումը»,- զգուշացնում է մասնագետը։

Նա պարզաբանեց, որ բժշկի նշանակման մեջ դեղն իր ուրույն տեղն ունի։ Անհրաժեշտ է քայլ առ քայլ հետևել նշանակման աստիճանակարգին՝ նախ՝ ճիշտ սնվել և ֆիզիկական ակտիվություն դրսևորել, իսկ եթե դա առողջական վիճակի և այլ ցուցանիշների պատճառով ցանկալի արդյունքը չտա, կարող են դեղեր նշանակվել։ Ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում, գուցե խոսք բացվի նաև Ozempic նշանակելու մասին, պարզաբանում է Խաչատուրյանը։ Բայց առանց ապրելակերպը փոխելու՝ կորցրած կիլոգրամները ոչ միայն կվերադառնան, այլև հետներն «ընկերներ» կբերեն։ «Ozempic ընդունելով գուցե ավելի արագ և արդյունավետ արդյունք լինի, բայց մարդ չի կարող ամբողջ կյանքում նստել այս դեղամիջոցի վրա: Ուստի, եթե ուղեղին հրահանգ չի տրվել, ուրեմն 6 ամիս անց դեղամիջոցի չեղարկումն անխուսափելիորեն կհանգեցնի 12-15 կգ քաշի ավելացման՝ 10 կգ քաշի կորստի դեպքում»,- զգուշացնում է բժիշկը։

Ozempic-ով ինքնաբուժման վտանգները

Գոյություն ունի բուժառուների մի կատեգորիա, որոնց համար Ozempic-ի օգտագործումը լիովին արգելված է, և այդ հակացուցումներն առանց նախնական թեստերի բացահայտելն անհնար է: Ահա թե ինչու նիհարեցնող դեղամիջոցի անկախ և անվերահսկելի օգտագործումը կարող է վտանգավոր լինել:

«Առաջին հերթին բացառվում է դեղամիջոցի նշանակումը սեմագլուտիդի և նրա նման դեղամիջոցների նկատմամբ օրգանիզմի մերժման դեպքում։ Մեկ այլ կարևոր հակացուցում է վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղը։ Ես բուժառուներին Ozempic չեմ նշանակում, քանի դեռ չեմ ստուգել նրանց վահանաձև գեղձը: Նրանք, ում  ընտանիքում մեդուլյար քաղցկեղի դեպքեր են գրանցվել, այդ դեղը խորհուրդ չեմ տալիս: Ozempic-ը հակացուցված է 1-ին տիպի շաքարային դիաբետի, կետոացիդոզի դեպքում ինչպես նաև հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Նաև անչափ զգույշ եմ ստամոքս-աղիքային տրակտի բորբոքման, այդ թվում՝ գաստրոպարեզի դեպքում այս դեղը նշանակելիս, քանի որ դեղամիջոցը կարող է վատթարացնել վիճակը»,- ​​պարզաբանեց բժիշկը։

Խաչատուրյանն ընդգծում է, որ ինքնաբուժումը, հատկապես Հայաստանի պայմաններում, որտեղ շատերն անհրաժեշտ հետազոտություններ չեն անցել, չափազանց վտանգավոր է։ «Դեղամիջոցի անվերահսկելի օգտագործումը վերը նշված հիվանդությունների դեպքում կարող է սրացումների պատճառ դառնալ։ Մենք կարող ենք բախվել անդառնալի հետևանքների, իսկ նման սրացումներից հետո վերականգնումը բաց հարց է։ Ուստի, որպես բժիշկ էնդոկրինոլոգ, միշտ խնամյալին ցանկացած դեղամիջոց նշանակելուց առաջ ամբողջովին զննում եմ»,- զգուշացնում է մասնագետը։

Այլընտրանքային եղանակներ

«Քաշը կորցնելու ամենաարդյունավետ և անվտանգ եղանակը միշտ եղել և մնում է առողջ ապրելակերպը։ Ես դա սկզբունքորեն դիետա (սննդակարգ) չեմ անվանում, քանի որ «դիետա» բառը նյարդայնացնում է։ Բայց կարևոր է հասկանալ, որ նախկինում մենք ուտում էինք գոյատևելու համար՝ փախչելով գիշատիչներից։ Մեր օրերում մենք ուտում ենք պարզապես ուտելու համար, և, ցավոք, ոչ ոք չի զբաղվում ակադեմիական թիավարությամբ, որպեսզի մեկ կիլոգրամ տապակած կարտոֆիլ ուտելուց հետո չճարպակալի։ Ուստի առաջին հերթին անհրաժեշտ է առողջ սնվել ու ֆիզիկական վարժություններ անել»,- հայտարարում է Խաչատուրյանը։

Նա կարծում է, որ այլընտրանքային «ժողովրդական» միջոցները, օրինակ, կիտրոնաջուրը, կարող են միայն պլացեբոյի ազդեցություն ունենալ: «Եթե մարդուն հոգեբանորեն օգնում է, թող օգտագործի։ Կարևորը՝ վնաս չհասցնելն է։ Պլացեբոյի ազդեցությունը ոչ ոք չի չեղարկել: Եթե ​​կիտրոնաջուրը օգնում է, թող խմի, բայց ոչ դատարկ ստամոքսին, քանի որ դա կարող է խնդիրներ առաջացնել։ Բայց իրականում դա բուժման եղանակ չէ»,- ասում է նա։ Նիհարելու համար անհրաժեշտ է հոգեբանորեն տրամադրվել, և այդ տրամադրվածությունը պետք է լինի խնամյալի գլխում։

«Եթե կնոջ համար կարևոր է լողափով քայլել բիկինիով, և դա դրդում է նրան աշխատել իր վրա, դա հոգեբանական գործոն է: Այն անչափ կարևոր է։ Դրա համար ձեր լավագույն լուսանկարը փակցրեք սառնարանին: Շատ կանանց ճարպակալումն ուղեկցվում է անպտղությամբ, ուստի ձեր զարմիկի լուսանկարը փակցրեք ձեր պատին, և երբ որոշեք բացել սառնարանը, ավելի մեծ է հավանականությունը, որ կարտոֆիլի փոխարեն վարունգ վերցնեք: Կարևոր է հասկանալ, որ խնամյալն ինքն իրեն է օգնում, իսկ բժիշկը միայն ուղղորդում է»,- ընդգծեց Խաչատուրյանը։

Հետազոտություններ և Ozempic-ի նոր անալոգները

«Ozempic-ի ամենաարդյունավետ անալոգներից մեկը քաշի կորստի համար Մունջարոն (տիրզեպատիդ) է: Սա նոր դեղամիջոց է, որը GLP-1-ի (գլյուկագոնանման պեպտիդ-1) և GIP-ի (գլյուկոզից կախված ինսուլինոտրոպ պոլիպեպտիդ) կրկնակի ագոնիստ է: Այս հորմոնները մասնակցում են արյան շաքարի մակարդակի կարգավորմանը, ինչպես նաև օգնում են վերահսկել ախորժակը և մարսողությունը: Ես Մոսկվայում այս դեղամիջոցի հետ աշխատելու որոշակի փորձ ունեմ և կարող եմ ասել, որ այն իսկապես քաշի զգալի կորուստ է ապահովում:

Maritide դեղամիջոցը կլինիկական փորձարկումների փուլում է։ Ըստ հետազոտությունների՝ 52 շաբաթվա ընթացքում դրա օգտագործման դեպքում քաշի կորուստը կարող է կազմել 20%, իսկ շաքարախտից տառապողների դեպքում գլիկացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակի նվազումը կարող է հասնել մինչև 2,2 տոկոսային կետի։ Ի տարբերություն «Ozempic»-ի՝ այս դեղամիջոցի ներարկումները ամիսը մեկ անգամ են կատարվում»,- նշեց մասնագետը։

1/2044
bottom of page