Արդյո՞ք TikTok-ը առաջացնում է կախվածություն և խանգարում ուղեղի աշխատանքին․
- anigevorgn
- Jan 20
- 1 min read

Վերջերս NeuroImage ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կարճ տեսանյութերի (TikTok-ի նման հարթակների) գերօգտագործումը էական ազդեցություն է թողնում ուղեղի վրա։ Ուսումնասիրությունը հայտնաբերել է, որ այս հավելվածներից կախվածություն ունեցող անձանց մոտ նկատվել է ուղեղի որոշակի հատվածների ակտիվության բարձրացում, հատկապես հուզական վերահսկման և հաճույքի զգացողության կենտրոններում։
Հետազոտությանը մասնակցել են 17-30 տարեկան 111 ուսանողներ։ Սքաների միջոցով պարզվել է, որ կախվածություն ունեցող անձանց մոտ մեծացել է ուղեղի գորշ նյութի ծավալը որբիտոֆրոնտալ կեղևում և ուղեղիկում։ Այս փոփոխությունները կապված են մարդու վարքի, որոշումներ կայացնելու և զգացմունքների կառավարման հետ։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ովքեր հաճախ են նախանձում ուրիշներին, ավելի հեշտ են կախվածության մեջ ընկնում այս հարթակներից։ Գենետիկական մակարդակում հայտնաբերվել է ավելի քան 500 գեն, որոնք կապված են ուղեղի այս փոփոխությունների հետ։
Գիտնականները նշում են, որ դեռահասները ամենախոցելի խումբն են, քանի որ նրանց ուղեղը դեռ զարգացման փուլում է։ Այդ տարիքում ձևավորված կախվածությունը կարող է ավելի վտանգավոր լինել։
Հետազոտության արդյունքները դեռևս չեն տալիս վերջնական պատասխան՝ արդյոք TikTok-ի երկարատև օգտագործումն է առաջացնում ուղեղի կառուցվածքային փոփոխություններ, թե հակառակը։ Սակայն գիտնականները վստահ են, որ այս երկու երևույթների միջև կա ուղղակի կապ։ Նրանք շարունակում են ուսումնասիրել կարճ տեսանյութերի ազդեցությունը մարդու ուղեղի վրա՝ հուսալով գտնել ավելի հստակ պատասխաններ և մշակել անվտանգ օգտագործման ուղեցույցներ։