top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՅԹՈՒՑԻԿԸ ՏԵՂԱԴՐՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, «ՕԺԱՆԴԱԿՈՂԸ»` ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 16, 2024
  • 2 min read

ՔՊ-ի դեմ ահաբեկչություն իրականացնելու համար մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Սակայն ուշագրավ է, որ ՔՊ-ի գրասենյակում պայթուցիկ սարք տեղադրած, գործողությունն իրականացրած անձը՝ Էդվարդ Պետրոսյանը, ազատության մեջ է։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել ու տակնուվրա արել ամեն ինչ, ապա՝ ձերբակալել նրան։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան եւ ՔՊ Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ նյութեր տեղադրելու գործով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ Գործն այժմ մտել է դատարան, ապացույցների հետազոտման փուլն է։ Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, չնայած վարույթն իրականացնող մարմինը որեւէ փաստ չի ներկայացրել առ այն, որ Սարգսյանը մասնակցել կամ գոնե աջակցել է ենթադրյալ ահաբեկչությանը։ 



Գագիկ Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդում է՝ ե՛ւ մեղադրանքը, ե՛ւ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները շինծու են։ «Պատվերով գործ է, դատախազին հարցրեք՝ ահաբեկման համար պայթուցիկ սարք, ժամացույց տեղադրողը, պայթեցման պրոցեսն իրականացնողն ինչո՞ւ է ազատության մեջ։ Ամբողջ գործի մեջ միակ ցուցմունք տվողն ինքն է»,- ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Սարգսյանը միայն դաշնակցական լինելու պատճառով է շարունակում գտնվել կալանքի տակ․ «Դաշնակցության դեմ հերթական գործն են կարել»։


Գագիկ Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայրն այդ գործի հետ առնչություն չունի, ամբողջովին սարքված գործ է։ «Պայթուցիկ սարքը տեղադրող Էդվարդ Պետրոսյանը, որն առնչություն է ունեցել ՔՊ-ի հետ, առնվազն ցանկացել է դառնալ ՔՊ-ական, ազատության մեջ է։ Այս չկայացած ՔՊ-ականի տված ցուցմունքն ուղղակի անհեթեթություն է։ Հիմնական կատարող անձին բաց են թողել, իսկ մյուսներին, այդ թվում հորս՝ Գագիկ Սարգսյանին, կալանքի տակ են պահում։ Հայրս ենթարկվում է քաղաքական հետապնդման, որովհետեւ ոչ մի լուրջ ապացույց մինչեւ հիմա չի հայտնաբերվել, չի ներկայացվել նրա՝ ահաբեկչության կազմակերպման մասին»,- նշեց նա։

Հիշեցնենք․ մարտի 14-ին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց այն մասին, որ Երեւանում 2024-ի փետրվարին կազմակերպված ահաբեկչության 2 դեպք է բացահայտել։


Ըստ ՔԿ-ի՝ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, երկուսը կալանավորված են, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Քննչականի տվյալներով՝ ՀՀ քաղաքացի Գ. Ս.-ն եւ նախաքննությամբ դեռեւս չպարզված անձինք «հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել» եւ 2024-ի փետրվարի 10-ին Երեւանի Նոյ թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 եւ Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել: Ըստ մեղադրանքի՝ Գ. Ս.-ն կազմակերպել է Ա. Գ.-ի եւ Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա. Գ.-ն, Է. Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղեւորվել են Երեւանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է. Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա. Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է եւ առանձնատան սեփականատեր Ա. Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Ըստ Քննչական կոմիտեի՝ Վ. Հ.-ն, Գ. Ս.-ի եւ նախաքննությամբ դեռեւս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ եւ գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ «ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել, եւ նշված հետեւանքները վրա չեն հասել պատահականությամբ»։



bottom of page