top of page

ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ԹԵ ՄԵՆԱԿ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 20, 2024
  • 2 min read

Կիրակի օրը ողջ համացանցը ալեկոծվեց լրատվամիջոցների տարածած լուրերից` Նիկոլ Փաշինյանը որոշել է միանգամից 5-6 բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկ անել, թեեւ` ինքն ասում է` խնդրեցի դիմում գրեն: «Հրապարակը» այդ օրը գրեց, որ «խնդրանքը» փոխանցվել է WhatsApp-ի SMS-ների միջոցով եւ շատերն ուղղակի շոկի մեջ են ընկել ստացած հաղորդագրությունից:  



Երկուշաբթի օրն արդեն Վահե Ղազարյանը, Գնել Սանոսյանը, Ռուստամ Բադասյանը, Սասուն Խաչատրյանը, Արգիշտի Քյարամյանը, Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմումներ գրեցին եւ ուղերձներ հղեցին` երախտիքի խոսք ասելով իրենց թաշկինակի պես դեն նետած վարչապետին: 


Իհարկե, կան մարդիկ, որոնք ոգեւորվել են այս պաշտոնակություններից, ողջունում են դրանք, ասում են` վաղուց պետք է ազատեին, օրինակ, Վահե Ղազարյանին, քանի որ հանցավորության մակարդակը խիստ բարձր է, կամ` Արգիշտի Քյարամյանին, ով քաղաքական գործեր է սարքում եւ ընդդիմության ներկայացուցիչներին կալանքի տանում, կամ` Կարեն Անդրեասյանին, որը լավագույն դատավորներին զրկեց պաշտոնից եւ համակարգը լցրեց անփորձ ու անգետ մարդկանցով: Սակայն կա նաեւ կարծիք, որ հրաժարականի տված անձանցից ավելի վատ կադրեր կան, օրինակ` Սուրեն Պապիկյանը, Ժաննա Անդերասյանը, Անահիտ Ավանեսյանը, Արմեն Մելիքբեկյանը, գլխավոր դատախազը և այլն, ինչո՞ւ է Փաշինյանը ֆիքսվել հենց ուժայիններիների և ՊԵԿ-ի վրա: 


ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի տեղակալ Տիրան Խաչատրյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ է մտածում այս պաշտոնանկությունների մասին, օրինակ եթե ՊՆ-ից հեռանա Սուրեն Պապիկյանը, կփոխվի՞ ինչ-որ բան պաշտպանության համակարգում: Նա ասաց. «Ես որևէ մեկնաբանություն, կարծիքներ չեմ տալիս, ներող եղեք»:


- Ի՞նչ է փոխվել, գուցե արդեն գո՞հ եք Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, Օնիկ Գասպարյանն էլ է լռում` գուցե հաշտվե՞լ է Փաշինյանի հետ: Ինչո՞ւ հարկ չեք համարում խոսել:


- Այսինքն, Դուք նման կասկածե՞ր ունեք: Անհարմար չէ՞: Խոսելով ոչ մի բանի չես հասնի, իսկ մարդկանց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, թե մենակ խոսում ենք….


- Այսինքն` դա՞ է պատճառը, որ լռում եք: Առաջ խոսում էիք երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այժմ Ձեր լռությունը շատերին տարօրինակ է թվում:


- Լավ, Ձեր հարցին պատասխանեմ: Բազմաթիվ անգամներ, բազմաթիվ առիթներով ասել եմ, որ կառույցի ղեկավարից, ղեկավարի մոտեցումներից և նրա ճիշտ կազմակերպչական, ինչպես նաև կառավարչական ֆունկցիաներից է որոշվում այդ ողջ կառույցի գործունեությունը և դրա կատարման արդյունավետությունը:


- Այսինքն` եթե Պապիկյանը հեռանա, նրան փոխարինի փորձառու մեկը, ինչ-որ բան կփոխվի:


- Փորձառությունն իհարկե շատ կարևոր է, բայց նաև չպետք է մոռանալ բանիմացության մասին: Այն նույնպես շատ կարևոր է:



bottom of page