ԱԱԾ տնօրենը սահմանել է ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցողների շրջանակը
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը դեկտեմբերի 17-ին հրաման է ստորագրել և սահմանել ՀՀ ԱԱԾ անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցողների շրջանակը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դրանք են․
ԱԱԾ տնօրենի աշխատակազմի բաժնի պետը (արգելված առարկաների հանձնումը ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում, ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց),
ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետը, ստորաբաժանման խմբի պետը, ավագ սպան, սպան (օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնները խախտելը),
ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետը, հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորը, ավագ օպերլիազորը, օպերլիազորը («Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելը,դրա հետ առնչվելու իրավունք չունեցող անձի կողմից հրապարակելը, գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը),
ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվական անվտանգության գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալը, ավագ տեսուչը, տեսուչը, կրտսեր տեսուչը (Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը)։
ԱԱԾ տնօրենի այս հրամանը սկսում է գործել 2025-ի հունվարի 1-ից։