top of page

Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության

Իմ ընկերը կենտրոնում նախկինում վճարում էր 175 հազար դրամ գույքահարկ, հիմա իր գույքահարկը դարձել է 870 հազարից ավել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հյուսիսային պողոտայում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ քաղաքային իշխանությունները գույքահարկը, շինթույլտվությունները, «կարմիր գծերը» թանկացրել են և կարող են այդ գումարներն ուղղել տրանսպորտի ուղեվարձի սուբսիդավորմանը։

Մարությանը նկատեց, որ կարմիր գծերի վճարները թանկացնելուց հետո էլ քաղաքի կենտրոնում հոսքը չի կրճատվել, այլ ավելի է շատացել, և քաղաքացիները գնում բակերում անհավանական տեղերում են կայանում իրենց մեքենաները։

«Շատ գումարներ կան, որ գալիս, լցվում են բյուջե, էդ բյուջեն ինչի՞ համար է, հենց այսպիսի բաների համար է: Ավելի լավ ֆինանսական պայմաններ ունեցողների հաշվին է լցվում քաղաքային բյուջեն, որովհետեւ ավելի թանկ գույքերը ունեն ավելի մեծ գույքահարկ, իսկ տրանսպորտից օգտվում են մարդիկ, որոնք ուրիշ ճար չունեն: Այստեղ մաքուր սոցիալական ծրագիր է՝ դու հավաքում ես հարուստներից եւ տալիս ես ավելի քիչ ֆինանսական հոսքեր ունեցող մարդկանց»,-ասաց Երևանի նախկին քաղաքապետը և նշեց, որ այդ գումարները կան, ուղղակի պետք է քաղաքական կամք և ցանկություն ունենալ այն անելու համար։

1/1790
bottom of page