«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՍԱԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ` ԸՆԴԴԵՄ ԿԳՄՍՆ-Ի
- anigevorgn
- Oct 26, 2024
- 1 min read

Դասագրքերի այս տարվա մրցույթին «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից հայտ էր ներկայացրել նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ Արսեն Թավադյանի հետ համատեղ հեղինակելով «Հասարակագիտություն-8» առարկայի դասագիրքը, որը, սակայն, մերժվեց ԿԳՄՍՆ-ի կողմից։
Նախարարությունը, տարօրինակ կերպով, դասագիրքը փորձաքննող առաջին հանձնաժողովը լուծարել էր՝ իր այդ քայլը հիմնավորելով նրանով, որ հանձնաժողովականները սխալ են օգտագործել գնահատման սանդղակը։ Ապա ստեղծվել էր նոր հանձնաժողով, եւ դասագիրքը կրկնակի փորձաքննություն էր անցել։
Սակայն այստեղ էլ հեղինակներին ասել էին, թե 2-րդ հանձնաժողովն իրենց դասագիրքն անբավարար է գնահատել, մինչդեռ, ծանոթանալով գնահատման արդյունքներին, գրքի հեղինակները պարզել են, որ 2-րդ հանձնաժողովն էլ ոչ միայն անբավարար չի գնահատել, այլեւ նույնիսկ բավական բարձր է գնահատել դասագիրքը, եւ դասագիրքն արդյունքում հաղթահարել էր անցողիկ շեմը։ Հաջորդիվ, դասագրքի հեղինակները բողոքարկել էին որոշումը՝ խնդրելով անցկացնել նոր, լրացուցիչ փորձաքննություն, որին, սակայն, ԿԳՄՍՆ-ն, երկար լռությունից հետո, պատասխանել էր մերժումով։
Ինչպես տեղեկացանք, օգոստոսի վերջին դասագրքի համահեղինակները դիմել են դատարան՝ ԿԳՄՍՆ հրամանը վիճարկելու պահանջով։ «Պահանջում ենք նախարարի հրամանը չեղյալ համարել, որով երաշխավորության են հաստատվել մյուս երկու դասագրքերը, իսկ մեր դասագիրքը մերժվել է»,- մեզ հետ զրույցում ասաց դասագրքի համահեղինակ Սերոբ Խաչատրյանն ու հավելեց, որ սպասողական վիճակ է։ Առաջին դատական նիստը նշանակված է հաջորդ տարվա փետրվարին, մինչդեռ դատարան են դիմել օգոստոսի վերջին։ Սա եւս խոսում է իշխանությունների կողմից դատարանի վրա գործադրված ճնշումների մասին: «Հրապարակի» դեմ ոմն դատախազի հայցը, օրինակ, հաշված օրերի ընթացքում վարույթ ընդունվեց, եւ դատական նիստ նշանակվեց, այսպես ասած` չթողեցին անգամ շունչ քաշենք: Իսկ նմանատիպ մեկ այլ քաղհայց, փաստորեն, 6 ամիս հետո է քննության դրվում:
Փաստաբանը հենց դասագրքի համահեղինակ, իրավաբան Արսեն Թավադյանն է։ Ս․ Խաչատրյանը դժվարանում է ասել, թե ինչքան կտեւի գործընթացը, եթե մի ատյանով ավարտվի, ապա՝ մեկ տարի, բայց եթե նախարարությունը բողոքարկի, ու հայցը գնա 2-րդ ատյան, ապա գուցե` 2-3 տարի։