Իրանում ուսանողուհին մերկացել է՝ ի նշան հիջաբի դեմ բողոքի
- anigevorgn
- Nov 3, 2024
- 1 min read

Իրանում ձերբակալել են մի աղջկա, որը մերկացել է՝ մնալով ներքնազգեստով՝ ի նշան հիջաբ կրելու հարկադրության դեմ բողոքի, հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Amnesty Iran-ին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել համալսարանի տարածքում։
Իրավապաշտպան Amnesty Iran կազմակերպությունը կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել ուսանողին։
«Իրանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն համալսարանի ուսանողուհուն, որը բռնի կերպով ձերբակալվել էր նոյեմբերի 2-ին այն բանից հետո, երբ նա հանել էր հագուստը՝ ի նշան Թեհրանի իսլամական Ազադ համալսարանի անվտանգության աշխատակիցների կողմից հիջաբի դաժան հարկադրման դեմ բողոքի», - ասվում է հաղորդման մեջ:
Կազմակերպությունը կոչ է արել աղջկան պաշտպանել «կտտանքներից և այլ դաժան վերաբերմունքից» մինչև ազատ արձակվելը և պահանջել թույլ տալ հանդիպել իր ընտանիքի և փաստաբանի հետ:
Նշվում է, որ ուսանողուհին մերկացել է այն բանից հետո, երբ համալսարանի անվտանգության աշխատակիցները նրան նվաստացրել են հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։
Միջադեպի տեսանյութը, որն ուսանողները նկարահանել են համալսարանի դահլիճի պատուհաններից, արագ տարածվել է սոցիալական ցանցերում և մեծ արձագանք է առաջացրել։ Շատ օգտատերեր աջակցություն են հայտնել աղջկան՝ նրա արարքն անվանելով խիզախ ու համարձակ։
Ձերբակալվածի ինքնության մասին տեղեկություն դեռևս չի հրապարակվում։ Համալսարանին կից տեղական թերթը հաղորդում է, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան: