top of page

Ռուսաստանի վարչապետը կժամանի Երևան


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 18-19-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Հայաստան. փոխանցում է TASS-ը։ Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Երևանում ՌԴ Նախարարների կաբինետի ղեկավարը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։


Առաջիկա հանդիպումը կլինի 29-րդը՝ 2015 թվականի հունվարի 1-ին ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր և չորրորդը՝ այս տարի։


«Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների համար հումքի մատակարարմանը, ինչպես նաև միության անդամ երկրներին դեղորայքով և դեղագործական նյութերով ապահովման հարցերին։ Նիստին կքննարկվեն ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները գլոբալ կլիմայական օրակարգի համատեքստում», - պարզաբանել են ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում։


Ինչպես պատմել է աղբյուրը կառավարության ապարատում, նախարարների կաբինետների ղեկավարները նախատեսում են զեկույցներ լսել ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման և միության ներքին շուկայում բացառումների ու սահմանափակումների վերացման մասին համաձայնագրի մասով աշխատանքների ընթացքի մասին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Չինաստանից ԵԱՏՄ ներմուծվող գրաֆիտային էլեկտրոդների նկատմամբ հակադեմփինգային միջոցների սահմանման հարցին։ Բացի այդ, կլսվի Միության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման կանխատեսումը և անդամ երկրների առաջարկությունները գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի, կտավատի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բուրդի վերաբերյալ 2021-2022 թվականների համար:


Կառավարությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մետալուրգիական ձեռնարկություններին հումքի մատակարարման գործողությունների ծրագիրը 2021-2024 թվականների համար։


ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսվում է որոշումների ստորագրում, որոնք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացում են նախատեսում։ Մասնավորապես, պայմանագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմություններում ներառված տեղեկատվության փոխանակման կարգի վերաբերյալ։

bottom of page