Լիբիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վարչապետ Աբդելհամիդ Դբեյբայի մեքենան հայտնվել է կրակահերթի տակ։ Նա չի տուժել. հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով լիբիական աղբյուրներին։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, Տրիպոլիի կենտրոնում, երբ վարչապետը տուն էր վերադառնում։
Լիբիայում կոնֆլիկտ է առաջացել իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի միջև։ Խորհրդարանը պահանջում է նոր վարչապետի ընտրություն՝ նշելով, որ Դբեյբայի լիազորությունների ժամկետը լրացել է դեռևս դեկտեմբերի 24-ին։ Սակայն Դբեյբան մտադիր չէ վայր դնել լիազորությունները։ Վարչապետը մեղադրել է խոսնակ Ակիլա Սալեհին երկիրը կրկին պառակտելու փորձի մեջ։
Այսօր Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) կքվեարկի երկրի նոր վարչապետի թեկնածության շուրջ։ Ազգային միասնության կառավարության գործող ղեկավար Դբեյբան հայտարարել է, որ մտադիր չէ փոխանցել իշխանությունը մինչ նախագահական ընտրությունները։ Ընտրությունների ժամկետ դեռևս որոշված չէ։
Վարչապետի պաշտոնի համար ներկայացված 7 դիմումներից խորհրդարանականները երկուշաբթի հաստատել են 2-ի թեկնածությունը․ նրանք են Ազգային համաձայնության կառավարության ՆԳՆ նախկին ղեկավար Ֆաթհի Բաշագան և գործարար Խալեդ Բիբասը։