top of page

Կարելի է ասել՝ Հայաստանում ուշացած է ատեստատների թվայնացումը․ կրթության փորձագետ

  • Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանում նախատեսվում է թվայնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը: Ավելին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է այս տարվա շրջանավարտներին ատեստատների փոխարեն տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։ MediaHub.am-ի հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը դրական գնահատեց այս նախաձեռնությունը։


«Պետք է ասել, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է էլեկտրոնային վկայագրերի և ավարտական վկայագրերի, բայց անցումը միշտ կատարվել է զուգահեռ՝ որոշ ժամանակ երկու ձևերը օգտագործելուց հետո, որպեսզի վեր հանվեն հնարավոր թերությունները և դրանից հետո նոր հնարավորություն լինի անցնելու էլեկտրոնայինի։ Կարելի է ասել, Հայաստանում ուշացած է, քանի որ միշտ օրինակ արտասահմանցի գործատուները զարմանում են, որ մեզ մոտ՝ Հայաստանում, դեռևս էլեկտրոնային նման բազա չկա և այնտեղից հարցում անելով՝ չեն կարողանում գտնել աշխատանքի անցնող անձի ավարտական վկայականը»,- ասաց Մխիթարյանը։


Փորձագետի խոսքով՝ այս փոփոխությունը իր հետ որոշակի բարդություններ ու մարտահրավերներ կբերի։


«Սա կարող է հնարավոր կեղծիքների տեղիք տալ։ Պետք է ուշադիր լինել, քանի որ կոռուպցիոն ռիսկերն ավելանալու են. այն մարմինը, որը տիրապետելու է ողջ բազային կամ տեղեկատվությանը, կարող է նաև ոչ պատշաճ ձևով իրականացնել իր գործառույթները, չարաշահումների տեղիք տալ, ինչը եղել է օրինակ արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում, օրինակ նման դեպքեր գրանցվել են Ռումինիայում»։


Անդրադառնալով օրինագծի ընդունման արդյունքում առաջացած ֆինանսական փոփոխություններին՝ Մխիթարյանը նշեց, որ էական ծախսեր կամ տնտեսումներ չի նախատեսվում։ Կրթության փորձագետի խոսքով՝ նախկինում ստացած ատեստատները ևս կարող են թվայնացվել այնպես, ինչես ժամանակին թվայնացվեցին աշխատանքային գրքույկները, սակայն այս դեպքում էլ պետք է զգուշավոր լինել, որպեսզի չարաշահումներ չլինեն։


«Պետք է հաշվի առնել նաև անվտանգային խնդիրները, մասնավորապես՝ մի քանի բազայում պահվեն տվյալները, որպեսզի մի սերվերի վնասման դեպքում ամբողջ արխիվը հնարավոր լինի պահպանել»։

bottom of page