«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԷԼ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ՝ ԲԱ ՀՈ ՉԷ՞Ր ԵԿԵԼ ՄԵԶ ԼՍԵԼՈՒ
- anigevorgn
- Dec 7, 2024
- 2 min read

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, վերջին շրջանում գերակտիվ է։ Նա «Կրթությունը նորաձեւ է» կարգախոսի շրջանակներում, գրեթե ամեն օր հանդիպումներ է ունենում, խոսում կրթության կարեւորության մասին: Բայց այդ հանդիպումները չեն լուսաբանվում, մասնակիցներից ոմանք էլ հայերեն գրագետ գրել-կարդալ չգիտեն, եւ նրանց գրեթե ոչ ոք չի ճանաչում։ Օրերս հանդիպել էր հանքարդյունաբերության ոլորտի անձանց հետ: Մենք նկատեցինք, որ մասնակցում են Հանքարդյունաբերողների միության նախագահը, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենը, ԶՊՄԿ-ի, Հանքագործների միության ներկայացուցիչներ: Եվ, որ առավել ուշագրավ է, հանդիպումը տեւել է 4-5 ժամ։ Աննա Հակոբյանը ներկաների համար կրկին Մովսես Խորենացու «Ողբն» է կարդացել: Զրուցել ենք Հանքագործների եւ մետալուրգների միության հանրային կապերի պատասխանատու Սուսաննա Մարտիրոսյանի հետ:
- Ի՞նչ հանդիպում էր, ի՞նչ էիք քննարկում տիկին Հակոբյանի հետ:
- Հանդիպումը նվիրված է եղել ոչ ֆորմալ եւ ոլորտային կրթությանը: Դրանց մասին ենք խոսել, թեման կոնկրետ մեզ հետ կապ չուներ: Առիթն օգտագործեցինք՝ բարձրաձայնելու, որ ոլորտային կրթության, երկրաբանների կարիք կա: Տիկնոջ հետ հանդիպումը կայացավ, խոսել ենք մտածելակերպի փոփոխության մասին, ոչ ֆորմալ կրթության եւ այլն:
- Երկրաբանների՞ մասին էր քննարկումը, թե՞ բոլոր ոլորտների:
- Կրթություն, մտածելակերպ, անհանդուրժողականություն՝ մենք այդ մասին ենք խոսել: Շատ-շատ բաների մասին ենք խոսել, թեմաների, որոնք մեր հանրային կյանքը կարող են ավելի լավը դարձնել: Ինչ վերաբերում է երկրաբանությանը, ապա այն շատ լուրջ մասնագիտություն է, ցավոք, այդ մասնագիտությունն այսօր շատ քիչ են ընտրում, եւ մի քանի տարի անց մենք կարող ենք երկրաբանների կրիզիս ունենալ եւ դրսից հրավիրել մասնագետներ: Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, որ մասնագիտությունը գրավիչ չէ, մենք եւս այդտեղ տեսնում ենք խնդիր եւ ուզում ենք պատճառը հասկանալ: Աշխատավարձն ամենաբարձր աշխատավարձերի շարքում է, մենք մեր միության հետ միասին լուրջ մոնիթորինգ ենք տանում` կրթական մի քանի կառույցների հետ, որպեսզի այն դառնա գրավիչ, ծրագրեր ենք անում դպրոցականների հետ: Թե չէ՝ տիկին Հակոբյանի հետ հանդիպելն ի՞նչ մի հարց եք սարքել…. «Կրթությունը նորաձեւ է» կրթարշավի շրջանակներում հանդիպեցինք տիկնոջը եւ քննարկեցինք կրթությանը վերաբերող հարցեր: Հարցերին անդրադարձել ենք գլոբալ առումով, ոչ թե՝ նեղ մասնագիտական: Տիկին Աննան երկրաբան չէ, լրագրող է մասնագիտությամբ, եւ նեղ մասնագիտական հարցեր չէինք կարող քննարկել: Այդ հարցերը քննարկում ենք մասնագետների հետ: Ընդհանուր արշավը ոնց կա, սիրով միացել ենք դրան եւ ուզում ենք, որ մտածելակերպ փոխվի, հանրային կյանքը լավանա:
- Ինչպե՞ս: Դո՞ւք էիք հանդիպումը նախաձեռնել, թե՞ Հակոբյանը:
- Չեմ կարող հստակ ասել, քանի որ այն ինքնըստինքյան է ստացվել:
- Այսի՞նքն:
- Դե, այսինքն, զրույցի ընթացքում․ երկուսով որոշել ենք` երկու կառույցով։ Դա միակողմանի լինել չէր կարող:
- Ավելի քան 5 ժամ ի՞նչ եք քննարկել: Ելույթներ ունեցա՞ք, թե՞ միայն Աննա Հակոբյանն էր խոսում:
- Իհարկե, մարդիկ արտահայտվեցին ազատ եւ անկաշկանդ․․. Դե, 50 հոգի ներկայացավ՝ ով է, ինչ է, ինչ կրթություն ունի, ժամանակ է գնում դրա վրա: Աննա Հակոբյանն էլ ելույթ ունեցավ, բա հո չէ՞ր եկել մեզ լսելու: