ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՎԻԵՆՆԱ
- anigevorgn
- Nov 13, 2024
- 2 min read

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման եւ երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակույթի զարգացման հիմնադրամի եւ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:
Հայկական տաղավարում ցուցադրվելու է շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանք, այդ թվում՝ կարպետագործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ եւ հուշանվերներ: Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը, սկսած 1970-ականներից, իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Թորոսյանի հետ:
- Վիեննայում կայանալիք սուրբծննդյան տոնավաճառին թանգարանն ի՞նչ աշխատանքներ է ներկայացնելու:
- Ասեմ, որ Հայաստանն առաջին անգամ նման տոնավաճառի մասնակցեց Ստրասբուրգում: Քանի որ մեր թանգարանի կարեւորագույն առաքելություններից մեկը վարպետների հետ աշխատանքն է, շնորհում ենք վկայական նրանց, քանի որ այն իրականում շատ մոտիվացնող է: Ներկայացվելու են ավելի քան 40 վարպետի աշխատանքներ:
- Ի՞նչ աշխատանքներ են դրանք:
- Ձեռագործ աշխատանքներ են, ամանորյա տոնածառի խաղալիքներ, բազմաթիվ տիկնիկներ, խեցեգործական նմուշներ եւ այլն: Այն ամենը, ինչը հայկական ոճի մեջ է եւ կարող է հետաքրքրել դրսի շուկային: Փորձել ենք նաեւ այնպիսի իրեր ընտրել, որպեսզի հայկական մշակույթը ներկայացնենք դրսում: Կան աշխատանքներ, որոնք հենց ամանորյա թեմայի մեջ են, կան վարպետներ, որոնք ունեին բավականին հետաքրքիր աշխատանքներ: ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունն է, ունենալու ենք նաեւ այլ գործընկերներ եւ հովանավորներ, իսկ համակարգողները Մշակույթի զարգացման հիմնադրամն է եւ մեր թանգարանը:
- Ովքե՞ր են հովանավորները:
- Այս ամենն իրականացվելու է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, ինչպես գիտենք՝ Երեւանում նույնպես լինում է ամանորյա ցուցադրություն` նույն ձեւաչափի շրջանակում: ԿԳՄՍՆ-ն եւս մեր հովանավորն է:
- Ո՞ր վարպետների աշխատանքներն են ներկայացվելու:
- Ալլա Սարգսյան, Լալա Մնեյան, Արմեն Խաչատրյան, Վանո Դադոյան, Վահե Մանուչարյան եւ այլն:
- Դրսում ի՞նչ արժեքներով են վաճառվում ձեռագործ աշխատանքները:
- Տարբեր են արժեքները, փորձում ենք այնպես անել, որ հայկական մշակույթի նկատմամբ ցանկացած հետաքրքրված անձ կարողանա ինչ-որ բան գնել: 3, 4, 5 եվրոյից սկսած: