ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչ եւ տնօրեն օրերս առցանց եղանակով ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին ուղղել են իրենց հուզող հարցերն ու ստացել մի շարք պարզաբանումներ, որոնք վերաբերել են նաեւ կամավոր եւ հերթական ատեստավորումներին։
Ըստ այդմ, այս տարի կամավոր ատեստավորման համար գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին մասնակցել են կամավոր ատեստավորմանը եւ սահմանված նվազագույն շեմը չեն հաղթահարել, անպայման պետք է գրանցվեն համակարգում, որպեսզի կարողանան մասնակցել, քանի որ դա ինքնաշխատ տարբերակով չի կատարվում։
ԿԳՄՍՆ-ն խորհուրդ է տվել էլեկտրոնային եղանակով իրականացվող ատեստավորումից չանհանգստանալ, քանի որ քննական կենտրոններում լինելու են մասնագետներ, որոնք ցուցաբերելու են անհրաժեշտ տեխնիկական աջակցություն: «Այս եղանակով հնարավոր է լինում ուսուցիչներին ազատել ձեւաթուղթը լրացնելու ժամանակատար աշխատանքից՝ նաեւ ապահովագրելով ճիշտ պատասխանները տեղափոխելու վրիպակներից»։
Ինչ վերաբերում է հերթական ատեստավորմանը, ապա կազմակերպչական ընթացակարգի մանրամասն նկարագրությունը կարճ ժամանակում կստանան դպրոցները, որպեսզի քայլերի հերթականությունը հստակ եւ միանշանակ լինի։
Հերթական ատեստավորման արդյունքների գնահատումն իրականացվելու է կենտրոնացված եղանակով. գնահատումից առաջ կլինեն մանրամասն ուղեցույցներ։