top of page

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՌԱԴԻՈ ԼՍՈՂՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՌԱԴԻՈԵԹԵՐԸ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 7, 2024
  • 2 min read

Բացի այն, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն իրար հերթ չտալով իրենց կայքէջերում ադրբեջաներեն բաժին են ստեղծում և ադրբեջաներենով լուրեր թողարկում, Սյունիքի մարզից քաղաքացիներն ահազանգում են «Հրապարակի» խմբագրություն և նշում, որ Կապանում հայալեզու ռադիոընկերությունների փոխարեն ադրբեջանալեզու ռադիոընկերություններ են գործում եւ սահմանից անգամ բավականին հեռու հատվածներում ադրբեջաներեն լեզուն է հնչում ՀՀ ռադիոտիրույթում: Մինչ Ադրբեջանը հայկական կայքերն է անգամ արգելափակում իր երկրում, Հայաստանը դռները բոլոր ասպարեզներում բացում է թշնամի պետության առաջ: Դեռ 2017 թվականին Ադրբեջանն իր տարածքում արգելափակել էր Հայաստանի Հանրային ռադիոյի կայքէջը: Դրանից առաջ էլ Ռազմինֆոն։ Ադրբեջանում ապրող մարդիկ անգամ չունեն հնարավորություն կարդալու, թե ինչ են գրում հայկական լրատվամիջոցները: Բայց Հայաստանն այս հարցում, ինչպես մյուս բոլոր հարցերում, խիստ բարեկամաբար է տրամադրված Ադրբեջանի հանդեպ: Սյունիքում մարդիկ անգամ կատակում են, որ եթե այս տեմպերով գնաց, որոշ ժամանակ անց ադրբեջաներեն են սովորելու` ռադիո լսելու համար: Մեզ դիմած քաղաքացին նշում է, որ միայն 104,7 ալիքն է իրենց մոտ բռնում, այն էլ ողջ օրը հիմնականում երաժշտություն է հաղորդում՝ խոսք գրեթե չկա։



«Հանրային ռադիոյի» նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին հարցրինք` ինչի՞ արդյունք է սա, ինչո՞ւ ՀՀ տարածքում հայալեզու ռադիոները չեն միանում, փոխարենը միանում են ադրբեջանական ռադիոընկերությունները, գուցե թշնամին ավելի հզոր ռադիոկապուղիներ ունի՞: 

Խումարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ընդհանրապես խնդիրն այն է, որ ռադիոները պետական սահման չեն ճանաչում, ճիշտ նույն կերպ լսվում են Հայաստանից եթեր հեռարձակվողները: Այսինքն` եթե Կապանում լսվում է և հայկական, և ադրբեջանական, դա նորմալ է: Բայց եթե միայն ադրբեջանական է, իսկ հայկական չկա, այ սա իսկապես խնդիր է, բայց ես դրա պատճառը կդժվարանամ ասել: Ես կարող եմ ասել, որ ութ ամիս առաջվա տվյալներով կապուղիների հետ կապված խնդիր չի եղել: Հանրային ռադիոն հասանելիություն է ունեցել երկրով մեկ, հիմա եթե ինչ-որ բան է փոխվել, ես կժվարանամ ասել: Առանձին դեպքերով խափանումներ եղել են, ի վերջո մեծ համակարգ է, բայց ընդհանուր առմամբ նորմալ չէ: Այս հարցերով պետք է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զբաղվի: Այս ծառայություններն իրենք են մատուցում, իրենց փակ բաժնետիրական ընկերությունները», - նշեց Խումարյանը:



bottom of page