ՎՐԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՐԾԻՔ ԴԱՌՆԱԼ
Վրաստանում ընտրություններից հետո ընդդիմության հանրահավաքները շարունակվում են: «Հրապարակը» քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ զրույցել է Վրաստանում տիրող իրավիճակի մասին:
-Արդյոք ընդդիմադիրները կկարողանա՞ն փաստի առաջ կանգնեցնել Վրաստանի իշխանություններին: Ի վերջո, խորհրդարան կձևավորվի՞ Վրաստանում, թե ոչ:
-Ես չգիտեմ ինչպիսին են իրենց օրենսդրական կարգավորումները, բայց անձամբ տպավորություն ունեմ, որ Վրաստանի ընտրությունները, այնուամենայնիվ, արտացոլում էին Վրաստանի ժողովրդի իրական պատկերացումները, կարծիքը արտաքին քաղաքականության մասին:
-Բայց կարծես թե Եվրոպան էլ չի հաշտվում Վրաստանում ընտրությունների արդյունքների հետ: Բորելը հայտարարել է, որ Վրաստանի այս իշխանությունները հեռանում են եվրոպական ուղուց, եվրոպական պատվիրակության անդամները ընդդիմության հանրահավաքներին են մասնակցում, պահանջում են նոր ընտրություններ: Նոր ընտրություններ անցկացնելուն կհասնե՞ն ի վերջո:
-Չեմ կարող ասել՝ նոր ընտրություններ կլինեն, թե ոչ: Կարծում եմ, որ այնպես չի, որ Վրաստանում հաղթել է ռուսամետ կուսակցությունը և եվրոպամետ կամ արևմտամետ կուսակցությունը պարտվել է, որովհետև իմ պատկերացմամբ, Վրաստանում հաղթած քաղաքական ուժը, այսինքն, գործող իշխանությունը, բոլորվին էլ ռուսամետ չէ: Այնտեղ պայքարն ընթանում էր նեղ արևմտամետների և ուլտրաարևմտամետների միջև։ Այսինքն, հաղթած քաղաքական ուժը նույնպես արևմամետ էր, պարզապես համարում էր, որ պիտի ավելի զգուշավոր լինեն, ավելի զգույշ գնան դեպի արևմուտք, որպեսզի հանկարծ վտանգի տակ չդնեն իրենց երկիրը: Իսկ ծայրահեղ արևմտամետները, ընդդիմությունը, համարում է, որ պետք է դեպի Արևմուտք շարժվել ցանկացած գնով, այդ թվում նաև Վրաստանը ուկրաինացնելու ճանապարհով: Իմ պատկերացմամբ, դա է հիմնական ներքաղաքական պայքարի բովանդակությունը, և այնտեղ հաղթեց զգուշավորությունը, բայց ոչ բոլորովին ռուսամետ քաղաքական ուժը:
-Հանրահավաքները այսպիսով կմարե՞ն, թե՞ հավանականություն կա, որ քաոտիկ իրավիճակ կստեղծվի, բախումներ կհրահրվեն, ժողովրդի և իշխանությունների միջև:
-Ոչ, այստեղ այդպես չի, որ ժողովրդի և իշխանությունների միջև, խոսքն ընդդիմության և իշխանությունների միջևի մասին է, ամեն դեպքում ես կարծում եմ, վրացական հասարակությունն իր մեջ այնքան ողջախոհություն կգտնի, որ երկիրը քաղաքական ցնցումների մեջ չի գցի, որովհետև իրենց աչքի առաջ է Ուկրաինայի օրինակը և առավել ևս որ դեռ հայտնի չի, թե Միացյալ Նահանգների նոր իշխանություններն ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն: Եթե ամերիկյան նոր իշխանությունները, եթե Թրամփը որոշել է կենտրոնանալ Միացյալ Նահանգների ներքին խնդիրների վրա, դա նշանակում է պակաս ակտիվություն կցուցաբերի այլ տարածաշրջաններում և Հարավային Կովկասում: Ու դրա հետ կապված ես չեմ կարծում, թե Վրաստանում լուրջ բախումներ կլինեն: Առանձին բախումներ չեմ բացառում, նույնիսկ ցույցերի շարունակականություն․ չեմ կարծում կամ ավելի շուտ հույս ունեմ, որ Վրաստանում ներքաղաքական կայունությունը կպահպանվի:
-Փաստացի կարո՞ղ ենք ֆիքսել, որ Եվրոպան փորձում է Վրաստանն ուկրաինացման ճանապարհով տանել․ երբ Շառլ Միշելը ընտրությունների մասին երկիմաստ հայտարարություններ է անում ու աջակցում ընդդիմությանը:
-Իհարկե, Եվրամիության նպատակը չի Վրաստանին վնասելը, Եվրամիության նպատակն է Վրաստանին ծառայեցնել հավաքական Արևմուտքի շահերին: Վրաստանն էլ համարում է, որ պետք չի ցանկացած գին վճարել դեպի Եվրոպա շարժվելու համար՝ սա է խնդիրը: Արևմուտքի, Եվրամիության համար կարևոր է Ռուսաստանի դեմ ևս մի, թեկուզ փոքրիկ գործիք օգտագործել Ռուսաստանը թուլացնելու համար: Վրացիներն էլ չեն ցանկանում դառնալ այդ գործիքը:
-Բացառո՞ւմ եք, որ լայնածավալ բախումներ կարող են լինել Վրաստանում, որոնք երկիրը ճգնաժամային իրավիճակում կդնեն:
-Ես դա չեմ բացառում, պարզապես դրա հավանականությունը փոքր եմ համարում: