Լսել ենք ընդդիմախոսներին և փոփոխություն մտցրել Հարկային օրենսգրքում. Բաբկեն Թունյան
ԱԺ-ում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը, որը վերաբերում է նրան, որ մասնագիտական ծառայությունների որոշ տեսակներ շրջանառության հարկի ռեժիմից ԱԱՀ-ի ռեժիմ կտեղափոխվեն:
Նախագիծը ներկայացրեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա նշեց, որ լսելով կարծիքները որոշել են նախագծում կատարել փոփոխություններ: «Այդ փոփոխությունները 1-ին ընթերցման նախագծում դեռ չկան, զուտ տեխնիկապես չէինք հասցնի մինչև հանձնաժողովի նիստը մշակել:
Բայց անելու ենք փոփոխություններ ու փոխելու ենք նախագծի տրամաբանութունը: Թվարկված մասնագիտական ծառայութունների մեծ մասը չեն տեղափոխվի ԱԱՀ դաշտ»,- ասաց նա:
Թունյանի ներկայացմամբ՝ մյուսների համար կփոխվի միայն, որ եթե ընկերությունները ծառայություն կմատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա դիմացի կողմը չի կարող այդ ձեռքբերումները ծախսագրել:
«Սա նաև արվում է այն նպատակով, որ մենք այդտեղ հնարավոր չարաշահումները կանխեք, որ խոշոր ընկերությունները չկարողանան արհեստական շրջհարկով աշխատողներ ստեղծեն»,- նշեց նա:
Թունյանի խոսքով՝ այս փոփոխությունները կարվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: «Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, երբ ասվում էր, որ այս փաթեթը վերաբերվում է 13 հազարից ավելի տնտեսվարողի, հիմա հստակ կարող ենք ասել, որ այդ տնտեսվարողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ կլինի: Դրա մեջ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն մատուցողները և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները: Մնացած ընկերությունները ԱԱՀ դաշտ չեն տեղափոխվի»,- ընդգծեց պատգամավորը: