«ՀՐԱՊԱՐԱԿ». ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՆԱ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ՉԻ ԴՆԵԼՈՒ ԵՒ ՆԻԿՈԼԵՆՑ ՀԵՏ ՈՒՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- anigevorgn
- Dec 3, 2024
- 3 min read

Շաբաթ օրը ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, որը վերջին շրջանում տարատեսակ պրոիշխանական հայտարարություններով էր հանդես գալիս, վերջապես բացահայտորեն հայտարարեց, որ հեռանում է ընդդիմադիր «Հայաստան» ֆրակցիայից: Մինչ այդ էլ «Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ նրան հեռացնում է իր շարքերից: Նախկին ընդդիմադիր Նազարյանը հայտարարել էր, որ ներել է Նիկոլ Փաշինյանին, քանի որ որդին երազին եկել է եւ ասել` ներիր, եւ դա է պատճառը, որ այլեւս պատերազմ պարտված, Արցախ հանձնած Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում: Այն, որ Նազարյանը կարող է ներել Նիկոլ Փաշինյանին, իր անձնական խնդիրն ու իրավունքն է, այս հարցում ոչ ոք նրան մեղադրելու իրավունք չունի: Սակայն բոլորովին այլ հարց է, թե ինչու մանդատը վայր չի դնում մեկը, որն ընդդիմադիր կեցվածքի պատճառով ընդդիմության շարքերում ստացել է հանրության` Նիկոլ Փաշինյանին «չներողների» ձայները, բայց ոչ թե նրանց շահերն ու հետաքրքրություններն է ներկայացնում ԱԺ-ում, այլ 180 աստիճանով շրջված դիրքորոշում: Վերջերս էլ մի քիչ խուճուճ տեքստով հայտարարեց, որ իրենց օրակարգում չկա Փաշինյանին հեռացնելու խնդիրը: «Հրապարակը» զրուցել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
Նարեկ Սամսոնյան. «Այս թեման ունի երկու հստակ հարթություն` քաղաքական եւ բարոյական: Քաղաքական հարթությունում ես համաձայն եմ այն մտքի հետ, որ քաղաքական ցանկացած ուժ, մանդատներ տրամադրելուց առաջ, պետք է տվյալ անձանց քաղաքական եւ մարդկային որակները հաշվի առնի: Բայց քաղաքականության պատմությունը գալիս է հուշելու, որ անգամ ամենաիդեալական հաշվարկները երբեմն բերում են որոշակի խնդիրների: Օրինակ` ճնշումներ, կոմպրոմատներ, մարդուն գնելու հնարավորություն, այս ամենը քաղաքականության մեջ միշտ կա: Եվ որքան էլ ձգտես ռիսկերը նվազեցնել, ամբողջությամբ այն չես կարող բացառել: Սա նման է կոռուպցիային, այն երբեք չի կարող ամբողջապես վերանալ, միշտ լինում է ինչ-որ տոկոս: Ինչ վերաբերում է բարոյականությանը, ապա ես ունեմ խոր զարմանք բոլոր նրանց հանդեպ, ովքեր կարծում էին, որ Գեղամ Նազարյանն իր մանդատից հրաժարվելու է: Ես նրան շատ վաղուց եմ ճանաչում: Եթե նրա որդու զոհվելու հանգամանքը չլիներ, ապա ես չէի համարի, որ արժե առհասարակ նրան տեղ տալ, որովհետեւ նա 2018-2019 թվականներին իմ գրառումների տակ ինձ ամոթանք էր տալիս Փաշինյանի նման առաջնորդին քննադատելու համար: Այն ժամանակ, երբ ես երիտասարդ էի ու նրա հետ նստում էի «Հայք» օրաթերթի խմբագրությունում, նա դեռ այն ժամանակվանից Նիկոլի մասին ուներ հստակ կարծիք, որի մասին հիմա չեմ ցանկանա խոսել: Գեղամի բարոյականության մասով երբեք չի եղել երկրորդ կարծիք, վստահ եմ, որ նա մանդատը վայր չի դնելու, եւ վստահ եմ, որ նա Նիկոլենց հետ ունի պայմանավորվածություն: Մի մարդ, որը կարող է իր որդուն` պայմանավորված պատերազմի արդյունքում սպանած մարդու հետ պայմանավորվածության գնալ, այդ մարդը չունի ոչ մի սահման, խնդիր` անելու այն, ինչն այդ պահին պետք է: Միշտ էլ հավանական է, որ կարող է հայտնվել մի Գեղամ Նազարյան, որը կարող է նման իրավիճակների պատճառ դառնալ: Կան զոհվածի ծնողներ, որոնք բոլոր առումներով ավելի արժանավոր են, քան Գեղամ Նազարյանը, բայց քանի որ նրանցից շատերն այնքան էլ ակտիվ չէին, Գեղամն այդ ժամանակ ընդդիմադիր էր դարձել եւ «քյարն» ընդդիմադիր դաշտից էր տվյալ պահին: Ցավոք, նրա որդին` Աբգարը, անմահացավ, ու Գեղամը մտավ քաղաքականություն: Ես վստահ եմ, որ նրան քաղաքականություն մտցնելու միակ շարժառիթը դա է»:
Էլինար Վարդանյան. «Ես ընդամենը պետք է ասեմ, որ Գեղամ Նազարյանի հարցը Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր հարցը չէ: Ըստ էության, Գեղամն այլեւս «Հայաստան» խմբակցության անդամ չէ, ինչը պայմանավորված է նրանով, որ մեր եւ նրա մոտեցումները ռադիկալ տարբերվում են: Ես կարծում եմ, որ այս պահին մեր երկիրը կանգնած է շատ ավելի լուրջ ռիսկերի առաջ: Պետք է մտածել այդ հարցերի մասին, քննարկել դրանք, այլ ոչ թե Գեղամ Նազարյանին: Չեմ կարող կանխատեսումներ անել եւ ասել, թե նա ինչպես է իր մանդատն օգտագործելու: Երկրի իշխանությունները փորձում են հանրությանը շեղել այլ օրակարգերով: Օրինակ, ԵՄ-ի անդամ դառնալու հարց են առաջ քաշում: Մենք էլ գիտենք, որ առաջիկա տասնամյակում չկա որեւէ ցամաքային համագործակցության հնարավորություն: Այս պահին խոսել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի մասին, անիրատեսական է, նույնն արագաչափերի հանրաքվեի մասին քննարկումներն են: Սա աբսուրդ է: Նման հարցեր բարձրացնելով՝ իշխանությունը ցանկանում է սահմանազատման-սահմանագծման նոր աշխատանքներ անել: Մենք` բոլորս էլ հասկանում ենք, որ, օրինակ, ԵՄ-ին անդամակցության հարցը բարդ պրոցես է պահանջում: Տնտեսական համակարգի նույնացում, սահմանի առկայություն, ԵՄ-ի կողմից ներկայացվող չափորոշիչների համապատասխանեցում եւ այլն: Դա երկարատեւ աշխատանք է պահանջում: Այս իշխանությունները նման հարցերի հետեւում վտանգավոր գործողությունների են պատրաստվում»: