top of page

ՊՈՒՏԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՊՀ-ՈՒՄ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 26, 2024
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների միջև կառուցողական փոխգործակցությունն անհրաժեշտություն է այսօրվա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։



«Կարևոր է ապակայունացում թույլ չտալ ԱՊՀ-ի ներսում և հարևան տարածաշրջաններում։ Իսկ դրա համար, ինչպես նախկինում, պետք է բացահայտել հավաքական անվտանգությանը սպառնացող ցանկացած բացասական միտում և պոտենցիալ սպառնալիք»,- ասված է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում։


Ուղերձն ընթերցել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Ռուսաստանի նախագահի կարծիքով` անվտանգության ամրապնդման համար հետախուզական ծառայությունները պետք է ոչ միայն ուսումնասիրեն սպառնալիքները, այլև կանխատեսեն դրանց զարգացումը, իրականացնեն տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում։


«Համոզված եմ, որ այս խորհրդակցությունը նշանակալից փուլ կդառնա՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների համագործակցության խորացման համար, կծառայի ԱՊՀ տարածքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը», - նշել է Պուտինը։


ՌԴ նախագահի խոսքով` նման հանդիպումները թույլ են տալիս քննարկել սուր, արդիական, մասնագիտական ​​հարցեր, միասին մշակել ԱՊՀ երկրներին ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու լուծումներ, կառուցել հետախուզական ծառայությունների գծով համագործակցության նոր ձևեր և մեխանիզմներ, որոնք համարժեք են ընթացիկ մարտահրավերներին։


Հիշեցնենք` Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստը։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նիստի մասնակիցները քննարկելու են համատեղ աշխատանքի արդյունքները, հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։



bottom of page