top of page

ՀԶՈ՞Ր՝ ՉԷ ՄԻ ՉԷ, ԱՅԼ ԹՈՒՅԼ, ՏԿԱՐ, ԱՆԶՈՐ ՈՒ ԽԵՂՃՈՒԿՐԱԿ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 16, 2024
  • 3 min read

Երբ այս կամ այն ՔՊ-ական «երեսփոխանը» խոսում է «մեծարգո վարչապետի» կողմից հզոր և իրական Հայաստան կառուցելու մասին՝ չգիտես լաս թե խնդաս: Իսկ երբ նույն անձը կամ մեկ ուրիշը շարունակում է այդ միտքը՝ ասելով, թե ընդդիմությունը խանգարում է դրան, չգիտես ընդհանրապես, թե ինչ անուն դնես դրանից գեներացված հոգեվիճակին: Եվ մնում է դրան վերաբերվել որպես անհեթեթության: Որովհետև, նախ, ներքաղաքական կյանքում Նիկոլի վարչապետությամբ մինչև այժմ ոչ թե հզոր Հայաստան է կառուցվել, այլ ոստիկանապետություն ու դրանից ածանցված «պադավատապետություն», ինչն իմ իմացած հզորի հոմանիշը չէ: Իսկ արտաքին հարաբերությունների առումով ձևավորվել է արևելքից թշնամի երկրի բռնապետի քմահաճույքները կատարող կառույց, ինչի դժվար է պետություն անվանելը՝ ո՜ւր մնաց, թե հզոր բնութագրելը:



Իսկ որպեսզի պարզ լինի, թե որն է իմ իմացած հզորը, դիմենք բառարաննների օգնությանը: Բաց թողնելով հզոր բառի ստուգաբանությունը՝ դիտարկենք բացատրությունն ու հոմանիշները: Եվ այսպես, հզոր նշանակում է ֆիզիկական (կամ ռազմական) մեծ ուժ ունեցող, զորեղ, շատ ուժեղ (1), սաստիկ, ուժգին (2), ամուր, պինդ, դիմացկուն, անմատչելի (3) և այլն: Վերը նշված բնույթի են նաև հոմանիշները. ուժեղ, ուժգին, զորեղ, զորավար, մեծազոր, քաջազոր (1), կորովի, հուժկու, ամենակալ, սաստիկ (2), պինդ, դիմացկուն, աննկուն, անհաղթ, անհողդողդ (3), կորովի, ազդեցիկ (4), ամուր, անառիկ, անմատչելի (5՝ համարակալումներն առկա են բացատրական բառարաններում, բայց դրանք, իմ կարծիքով, զուտ պայմանական են) և այլն: «Հզոր» բառի հականիշներն ավելի փոքր թիվ են կազմում՝ խեղճուկրակ և այլն:

Ինչպես տեսնում ենք, հզորության դրսևորումներն առկա են միայն ներքաղաքական կյանքում: Որովհետև, ոստիկանապետությունն, օրինակ, չի կարող լինել թույլ, տկար, խեղճուկրակ կամ անզոր: Քանի որ այդ դեպքում երկրում կհաստատվեր անիշխանություն (անարխիա), իսկ գործող իշխանությունն էլ չէր կարող հենվել ոստիկանապետության վրա: Իսկ ո՞վ կամ ի՞նչ է ոստիկանը: Վերջինս այն անձն է, ով կրում է համապատասխան համազգեստ ու դրա ուժով պաշտպանված է օրենքով: Ինքը կարող է բռնի ուժ կիրառել քաղաքացու նկատմամբ, սակայն քաղաքացին իրավունք չունի նույն ձևով արձագանքել: Քանի որ կպատժվի ավելի զորեղ ու բիրտ ուժի կողմից՝ թիկունքին ունենալով օրենքի կամ որ նույնն է՝ իշխանության աջակցությունը: Այնպես որ հզոր պետություն կառուցելու նիկոլական տարբերակն ընդամենը բռնապետություն ձևավորելու ճանապարհն է՝ մեկ անձի իշխանությամբ: 


Պարզ է, որ ներկայացվածը չի կարող լինել հզոր պետության իրական նկարագրությունը: Որովհետև ներքին կյանքում իրական հզոր պետությունն առաջնորդվում է ոչ թե ոստիկանի բիրտ ուժով, այլ իրավունքի գերակայությամբ, օրենքի առջև համահավասարությամբ, քաղաքացիների իրավունքների ապահովմամբ և այլ սկզբունքներով: Այն ամենով, ինչ համար պայքար է մղվել գրագետ ու հայրենասեր անձանց կողմից թե՛ նախկին և թե՛ հատկապես գործող իշխանության դեմ: Ներքին կյանքում միայն այդ սկզբունքների իրականացումը թույլ կտա տվյալ պետությունը կամ իշխանությունը համարել հզոր: Բայց դա հարցի միայն մի կողմն է:


Երկրորդ կողմը պետության տեղն ու դերն է այն տարածաշրջանում, որտեղ այն գտնվում է, և նույնիսկ ողջ աշխարհի կտրվածքով: Այն բնութագրվում է հենց վերընշյալ «հզոր» բառով՝ հզոր բանակ, հզոր տնտեսություն և ենթակառուցվածքներ, հզոր գիտություն ու կրթություն, հզոր մշակույթ և առողջապահություն և այլն, և այլն… Եվ ցավով պետք է արձանագրենք, որ ներ երկրում այդ ամենը բացակայում է: Հզորի փոխարեն ունենք թույլ, տկար, անզոր, խեղճուկրակ (և այլն) պետականություն: Եթե այն լիներ հզոր, ապա այդ պետության իշխանությունը թույլ չէր տա, որպեսզի իր հասցեին Բաքվից ստորացումներ հնչեին: Եթե այն լիներ հզոր՝ առնվազն ՀՀ տարածքից դուրս կշպրտեր թնամի պետության զինուժոը և ոչ թե հույսը կդներ «խաղաղության պայմանագիր» անվանված թղթի կտորի՝ գոյություն չունեցող զորության վրա: Եթե այն հզոր լիներ՝ ոչ թե գերիներ կլինեին Բաքվի բանտերում, այլ հանցագործություն կատարածներ՝ հայաստանյան բանտերում: Եթե այդ պետությունը հզոր լիներ՝ իշխանությունը ոչ թե կկատարեր Սահմանադրություն փոխելու Բաքվի պահանջը, այլ տեղը կդներ նման պահանջ դնողին: Ու նա այլևս երբեք ծպտուն չէր հանի այդ առումով. ճիշտ այնպես, ինչպես առկա էր «մերժված» նախկինների օրոք:


Այնպես որ Նիկոլի օրոք կառուցվում է ոչ թե հզոր, այլ թույլ, տկար, անզոր ու խեղճուկրակ (և այլն) պետություն: Իսկ որպեսզի մենք կառուցենք իսկապես հզոր պետություն, ապա առաջին հերթին անհրաժեշտ է ազատվել վարչապետի աթոտից կառչած անձից ու նրա ձևավորած իշխանությունից: Ու նոր միայն մտածել թե ինչպես ենք կառուցելու իրապես հզոր պետություն իր հզոր բանակով, տնտեսությամբ ու գիտությամբ, գրագետ ու հայրենասեր ժողովրդով, բարոյականության կարմիր գծեր չհատող հասարակությամբ:

 



bottom of page