top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». 3 ԱՄՍՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ 5 ՀԱԶԱՐ ՀՈԳՈՒՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԽՈՒՄԲ՝ 30 ԵՐԿՐՈՒՄ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 30, 2024
  • 3 min read

Հարցազրույց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։



- Ձեր նախաձեռնությամբ 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին` COP-29-ին ընդառաջ մեդիա արշավ է սկսվել՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ Դուք մի առիթով ասել եք․ «Չենք կարող թույլ տալ, որ COP-29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում»։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ո՞րն է Ձեր առաջարկությունը, գերիների վերադարձի հարցով ի՞նչ դրական տեղաշարժ կա։


- Մենք միայն հայերի համար չենք պայքարում, այլ պայքարում ենք աշխարհի քաղաքակրթության համար: Այն գաղափարը, որ մարդկանց վրա չեն կարող հարձակվել, սպանել կամ նրանց տեղահանել իրենց բնակավայրերից, միայն հայերի համար չէ, այդ գաղափարը ողջ քաղաքակրթության համար է: Ես շատ հպարտ եմ, որ իմ հայ ընկերները դիմեցին ինձ՝ գերիների վերադարձի հարցով իրենց օգնելու համար: Կարծում եմ՝ հայերն ամբողջությամբ չեն գիտակցում իրենց ուժն ու պոտենցիալը։ Աշխարհասփյուռ հայ համայնքը կարող է ամբողջությամբ փոխակերպել արդարադատության կիրառման մեխանիզմը: Սա է պատճառը, որ ես ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ հպարտ՝ այս գործի մեջ ներգրավված լինելու համար։ Արցախի անկումից հետո հայերը դեպրեսիայի մեջ են: Ես ընդունեցի ապրիլի 24-ի հիշատակության արարողությունների հրավերները Լիբանանից, Գերմանիայից, Ավստրիայից եւ Ուրուգվայից ու հասկացա, որ հնարավորություն կա օգնելու հայերին` հաղթահարելու այս տրավման: Եվ սա հենց այն է, ինչ արեցինք հայկական տարբեր խմբերի հետ: Մենք նախաձեռնեցինք Բաքվում պահվող հայ 23 պատանդների ազատման գործընթացը: Մենք նաեւ որոշեցինք հարգել եւ ընդունել տարբեր համայնքների կողմից առաջ մղված գաղափարներն ու սկսեցինք գործողությունները` հիմնված երեք հեշթեգների վրա. #StopGreenwashGenocide, #FreeArmenainHostages #COP29։ 

Սա մեզ հաջողվում է, որովհետեւ մենք կարողացանք երեք ամսում ստեղծել 5 հազար հոգուց բաղկացած խումբ՝ 30 երկրում։ Այս մեթոդը փոխում է տեղեկատվության տարածման եղանակը: Թվերը գուցե շատ մեծ չեն, որովհետեւ մենք հատուկ ծրագիր չենք օգտագործում՝ տարածելու համար, կամ վճարում՝ հանրայնացման համար, բայց թվերն աճում են: Այս արշավը մարդկանց «արթնացնելու համար» է, որ քննարկեն խնդիրը: Հետո այս քննարկումները սկսեցին տեղ գտնել լրատվամիջոցներում: 


- Ձեր գործողություններին ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական կողմը։


- Ադրբեջանը սկսեց հակազդել մեր քարոզարշավին՝ մեր դեմ վիդեոներ պատրաստելով, հոդվածներ գրելով, մեզ կոչելով «հայկական մաֆիա»: Մենք ուրախ ենք, քանի որ հաջողում ենք: Այժմ ժողովրդին Ամենայն հայոց կաթողիկոսը եւ եպիսկոպոսներն են առաջնորդում այս հարցում, որը շատ կարեւոր է: Անցյալում հայ եկեղեցին օգնել է հայ ժողովրդին, երբ նա պետականություն չի ունեցել: Ներկա պահին Հայաստանի ժողովուրդն իր եկեղեցու կարիքն ունի, իսկ սփյուռքում էլ կարիքն ունի, որ առաջնորդի եւ միավորի իր հոտին: Շատ կարեւոր նախաձեռնությամբ է հանդես գալու նաեւ եկեղեցին՝ աշխարհի տարբեր եկեղեցիներում պատանդների ազատության համար աղոթք կազմակերպելով ու հիշեցնելով,  որ մենք չենք մոռացել նրանց եւ ճնշելու ենք Ալիեւին՝  գերիներին ազատ արձակելու համար։


- Վերջերս Հայաստան էիք այցելել, ի՞նչ եք կարծում՝ գերիների վերադարձի համար Հայաստանի գործող իշխանությունը բավարար չափով ջանք գործադրո՞ւմ է։


- Ես իմ փորձառության ընթացքում տեսել եմ, թե ինչպես է ժողովուրդը բաժանվում եւ հարձակման ենթարկվում, իսկ ոճրագործերը հաղթում են: Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարեւոր է՝ չներքաշվել հայերի ներքին բանավեճերի մեջ: Հետեւաբար, իմ միակ նպատակը հայերին ու Հայաստանին օգնելն է: Ազատել պատանդներին․ այս պահին սա է մեր միակ նպատակը: Կարծում եմ՝ նորմալ է, որ լրագրողները նման հարցադրումներ են անում, բայց իմ նպատակն ու նաեւ բոլորիս նպատակը պիտի լինի՝ միավորվել՝ Ալիեւին չեզոքացնելու համար, եւ նվազեցնել Հայաստանի վրա հարձակվելու ռիսկը:


- Ի՞նչ եք կարծում․ հնարավո՞ր է՝ Ալիեւը միջազգային ասպարեզում «հերոսի» կերպար ձեռք բերելու համար COP-29-ին ընդառաջ բաց թողնի հայ գերիներին՝ աշխարհին ցույց տալով, որ մարդասեր է։


- Ալիեւն իշխանություն է եւ հաշվարկում է իր քայլերը: Եվ եթե նրա վրա բավարար չափով ճնշում լինի, նա կհասկանա, որ COP-29-ը կհեղինակազրկվի: Հուսամ՝ այս պատճառով նա կազատի գերիներին: 


- Ձեր կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կկնքվի՞։ Ձեր գործունեության ընթացքում Դուք նաեւ այս հարցը դիտարկած կլինեք:


- Չեմ կարծում, որ կարճ ժամանակում խաղաղության պայմանագիրը կստորագրվի: Գուցե ես սխալվում եմ: Կարծում եմ, մենք՝ բոլորս, պիտի աշխատենք՝ վստահ լինելով, որ Հայաստանը պաշտպանված է: Ինձ համար կարեւոր է տարբեր երկրներում մոբիլիզացնել մարդկանց՝ Հայաստանին աջակցելու համար։ Այն մարդիկ, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պետք է պաշտպանեն հայերին։ Սա այն է, ինչ կարող եմ անել, ինչ կցանկանայի իրագործել: 


- Ձեր կարծիքով՝ ո՞ր երկրներն են Հայաստանի դաշնակիցները, եւ հակառակը` որո՞նք են մեր թշնամիները։ 


- Աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով տարբեր երկրներ ունեն քաղաքական տարբեր շահեր, ես չեմ կարող դա փոխել։ Որպես քաղաքացիներ՝ մենք կարող ենք որոշ բաներ փոխել, օրինակ՝ ինչպես է Իսրայելը զենք մատակարարում Ադրբեջանին, կամ ինչպես է ԵՄ-ն հետաձգում իր դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ գազ ստանալով Ադրբեջանից։ Կարծում եմ, որ այս երկու խնդիրը մարդիկ պետք է բարձրաձայնեն եւ լուծեն։ Ես հավատում եմ, որ քաղաքացիները կարող են փոխել իրենց երկրների շահերը։ 


- Բացի «Զանգեզուրի միջանցքից», Ալիեւն էլ ի՞նչ է պահանջելու Հայաստանից եւ միջանցքը ստանալուց հետո կբավարարվի՞, թե՞ նոր պահանջներ կսկսի առաջ մղել։ 


- Ադրբեջանը պահանջում է այն, ինչ նրանք կոչում են «Արեւմտյան Ադրբեջան», այսինքն՝ պահանջում է ամբողջ Հայաստանը։ Ուստի, չեմ կարծում, որ պատանդների ազատումը կամ նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կավարտի հակամարտությունը։ Հայերը հասկացան, որ ցեղասպանությունը միայն անցյալում չէ. դա այն է, ինչ պետք է կանխարգելել ապագայում, եւ մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել։



bottom of page