top of page

ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ




Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ցանկանալով ամփոփել իր վարչապետության վեցուկես տարին, «կոնդակ» է հրապարակել, որտեղ առարկություն չընդունող տոնով ներկայացրել է իր վարած արտաքին քաղաքականության անուրանալի ձեռքբերումները: Եթե չխորանաս նրա արտահայտած մտքերի մեջ և ուղղակի թվարկես դրանք, կարող է թվալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ տարիների ընթացքում ավելի շատ գործ է արել, քան համաշխարհային բոլոր առաջնորդները միասին վերցրած: Եվ ապա՝ Նիկոլ Փաշինյանի գրածից պարզ երևում է, որ նրա «վարած» արտաքին քաղաքականությունը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի, որ չունի համաշխարհային առաջնորդներից և ոչ մեկի վարած արտաքին քաղաքականությունը: Փաշինյանը, փաստորեն, «վարել» է արտաքին քաղաքականություն բոլոր հնարավոր ուղղություններով՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, հյուսիս-արևելք, հյուսիս-արևմուտք, հարավ-արևելք և հարավ-արևմուտք… Ավստրալիայի ուղղությունն է մի քիչ թույլ մեկ էլ հյուսիսային և հարավային բևեռների:



Մնացած ուղղություններով Փաշինյանը ծալած ունի ԱՄՆ նախագահներ Բայդենին ու Թրամփին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Չինաստանի ու Հնդկաստանի առաջնորդներին, Անգլիայի վարչապետներին, Գերմանիայի կանցլերներին, Ֆրանսիայի նախագահներին… Կանադայի վարչապետի, Հյուսիսային Կորեայի ցեղապետի և Հարավային Կորեայի նախագահի մասին էլ չեմ խոսում: Նիկոլ Փաշինյանը նրանց կտանի ջուրն ու ծարավ հետ կբերի: Ընդ որում, եթե համաշխարհային շատ առաջնորդներ մի որևէ կոնկրետ արտաքին քաղաքական խնդիր լուծել են միասնաբար կամ որոշակի խմբեր կազմած, ապա Փաշինյանն իր առջև դրած խնդիրները լուծել է միայնակ:


Մի խոսքով՝ եկեք տեսնենք, թե ինչեր է արել Փաշինյանն այս տարիների ընթացքում, բայց մինչ այդ պայմանավորվենք, որ այն ինչ գրել է Փաշինյանը, պետք է հասկանալ հակառակ իմաստով: Ինչու եմ սա ասո՞ւմ, որովհետև նրա գրածները հալած յուղի տեղ ընդունելու դեպքում մեզ կարող է թվալ, թե լուսնից նոր ենք իջել ու ոչնչից տեղյակ չենք: Գնացի՞նք…

Եվ ուրեմն Փաշինյանը գրել է, որ իրեն հաջողվել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասցնել մի հանգրվանի, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբևէ: Ըստ Փաշինյանի՝ այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիք: Միանգամից ասեմ, որ սա սուտ է: Բանն այն է, որ հենց Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ 80 միլիոնանոց Իրանը հայտնվել է իր պատմության մեջ ամենածանր իրավիճակում և կարող է կորցնել իր դերն ու կշիռըն այս տարածաշրջանում: Այդ երկիրը կարող է կորցնել Թուրքիան և Ադրբեջանը շրջանցող իր վերջին  ցամաքային կապը Ռուսաստանի և Եվրոպայի հետ: Իրանի հետ Հայաստանի սահմանային անցակետը երբեք այնքան անմխիթար վիճակում չի եղել, որքան Փաշինյանի կողմից Իրան-Հայաստան հարաբերությունների առարկայացումից հետո: Փաշինյանի հետ շփումներից ավելացել են նաև Իրանի անվտանգային խնդիրները: Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանի մասին խոսք էլ չկար, Հայաստանը հայտարարեց, որ երբեք թույլ չի տա, որ իր օդանավակայաններն օգտագործվեն երրորդ երկրի կողմից՝ Իրանին հարվածելու համար: Իրանում այսօր այնքան էլ վստահ չեն, որ, ինչպես Ադրբեջանում, Հայաստանում չեն կարող հայտնվել ամերիկյան և իսրայելական ռազմաբազաներ՝ Թեհրանին և Սպահանին հարվածելու նպատակով: Չգիտեմ, Փաշինյանն այս մասին ոչինչ չի գրել:


Հաջորդիվ ՀՀ վարչապետը գրում է Վրաստանի ուղղությամբ իր ձեռքբերումների մասին. «Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ»: Եվ սա ասում է մի մարդ, որի սորոսական առաքյալները (այսպես կոչված դիտորդները) բոլորովին վերջերս Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հավասարեցրին հողին: Ռազմավարական գործընկերոջը խայտառակելը, հավանաբար, շատ խելացի արտաքին քաղաքականություն է, որին մենք հասու չենք: Մյուս կողմից էլ տարօրինակ է, որ մեր ռազմավարական գործընկեր Վրաստանը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով, իսկ մենք հենց այդ պահին նրան մենակ ենք թողնում Արևմուտքի հարձակումների դեմ՝ ինքներս հակառակվելով Ռուսաստանին և այդ երկրի ներկայությանը մեր տարածաշրջանում:


«Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված»,- ստում է Նիկոլ Փաշինյանը: Նման բան ուղղակի չկա: Ինչպե՞ս եք ըմբռնել Թուրքիային, երբ այդ երկրի բոլոր տեսակի խոսնակները նույն բանն են ասում ձեզ՝ նախ կարգավորեք հարցերը Ադրբեջանի հետ, որովհետև իրենք երբեք Բաքվին հակառակ որևէ քայլ չեն անելու: Իսկ Բաքուն Երևանին ասում է՝ միջանցքը տուր, նոր տարածքները տուր (մինչև վերջին միլիմետրը), սահմանադրությունդ փոխիր, բանակդ լուծարիր, Մինսկի խումբը ցրիր, 300 հազար հայրենակիցներիս վերաբնակեցրու և էլի լիքը բաներ, որ Երևանն իրեն թույլ տալ չի կարող: Ահա, սա է տեսանելի բազան, իսկ թե ինչպես է Փաշինյանն այդ բազան «ըմբռնում», նույնիսկ Թուրքիայի և Ադրբեջանի համար տեսանելի չէ:


«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա»,- իր «կոնդակում» այսպես է հայ-ռուսական հարաբերությունների ներկա պահը փաթեթավորել Փաշինյանը: Իսկ որպեսզի իմանանք, թե ինչի է հանգեցնելու Ռուսաստանի ուղղությամբ նրա վարած «պրակտիկ» քաղաքականությունը, կարելի է կարդալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ «Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ» վերտառությամբ  հոդվածը , որտեղ առանց գունազարդման ներկայացված է այն ապագան, որն իսկապես կա և ֆիկցիա չէ, ինչպես Նիկոլի խոստացած ապագան:


Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության համար պակաս կարևոր ուղղություն չի եղել նաև Ֆրանսիան, թեև նա շատ հպանցիկ է անդրադարձել այդ ուղղությանը. «Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել»: Մի քիչ էմոցիոնալ չի՞ հնչում, արդյոք, սա մեկի շուրթերից, որ ամբողջ Ֆրանսիայում ընդամենը մեկ մարդու հետ է շփվում՝ նախագահ Մակրոնի: Մնացած Ֆրանսիան, ըստ էության, ներառյալ ֆրանսիահայերը, աչքով աչք չունեն Փաշինյանին, ցույցեր են կազմակերպում նրա դեմ: Մակրոնի ռեյտինգի կտրուկ անկումն էլ ինչո՞վ է պայմանավորված… Դե իհարկե Նիկոլ Փաշինյանի հետ «ամրապնդվող բարեկամությամբ», որի արդյունքում զրոյացան Ֆրանսիայի շահերը Հարավային Կովկասում, և Ֆրանսիան միայնակ մնաց իր իսկ նախաձեռնած հակաթուրքական կոալիցիայում:

Կանադայի ուղղությանը Փաշինյանն առհասարակ չի անդրադարձել, որովհետև այդ երկրի վարչապետ Թրյուդոն բոլորովին վերջերս լուրջ խնդիրներ ունեցավ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Թրամփի հետ և շտապեց հրաժարական տալ՝ Կանադայի անկախությունը փրկելու նպատակով: Խոսելով Թրյուդոյի հետ իր ձեռքբերումների մասին՝ Փաշինյանը կարող էր հարվածի տակ դնել իր արտաքին քաղաքականության մեկ այլ, ավելի կարևոր ուղղություն: Դա ԱՄՆ-ն է, որի հետ հինգ պակաս ռազմավարական գործընկեր դարձանք տառացիորեն երեկ՝ Արարատ Միրզոյանի մեկ հատիկ ստորագրությամբ: Մնում է, որ Թրամփը դա գնահատի և Հայաստանին ներառի իր դաշնակիցների շարքում՝ առաջիկա կամպանիաների ժամանակ՝ Իրանի դեմ պայքար, հակաահաբեկչական պատերազմներ, ուկրաինական երկրորդ ճակատ, հակաչինական դիրքավորումներ և այլն:

Ավարտելով նշենք, որ Փաշինյանը երեք «հանճարեղ» սուտ է երկնել նաև Չինաստանի, Հնդկաստանի և Մերձավոր Արևելքի ուղղությամբ իր կատարած մեծագործությունների մասին: Իսկ որ դրանք իսկապես ստեր են, փաստում է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած արտաքին քաղաքականության մասին վերը նշված «հաջողությունները» թվարկելով: Ես միայն մեջբերեմ այդ ստերը. «Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ և իմաստ են ձեռք բերել: Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են և խորանում: Մերձավոր Արևելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել»:

Այսքան բան:



1/1828
bottom of page