top of page

ՆՈՐ ՕՐԵՆՔՈՎ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԵԼՈՒ ԵՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Մշակույթ

ՆՈՐ ՕՐԵՆՔՈՎ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԵԼՈՒ ԵՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

1 Հոկտեմբեր 2024 | 09:550


«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագիծն օրերս քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Նիստը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը, որը նշել է, որ օրենքի շուրջ աշխատանքը նոր չէ։ «Նախորդած ժամանակահատվածում ունեցել ենք Ազգային ժողովի կողմից դրա մի տարբերակի ընդունում։ Օրենքի՝ բուհերի կառավարմանն առնչվող երկու դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, ինչով պայմանավորված՝ այն ուժի մեջ չի մտել։ Իհարկե, կարելի էր այդ դրույթների շուրջ աշխատել, սակայն մենք գնացինք այլ ճանապարհով։ Օրենքն ամբողջովին վերանայվել է՝ հաշվի առնելով, որ 2022 թվականին ընդունված կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախանշվել են ռազմավարական զարգացման ուղղությունները, սահմանվել է բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, ինչպես նաեւ՝ մեծ ծավալի աշխատանք է տարվել «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի եւ ծրագրի իրականացման շուրջ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ընթացքում կառուցվածքային փոփոխության, այն է՝ ԿԳՄՍՆ համապատասխան վարչության, ԲՈԿ-ի եւ Գիտության կոմիտեի միավորման արդյունքում ստեղծվել է նաեւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, որը միասնական քաղաքականության ապահովման եւ այդ ինստիտուցիոնալ գործիքակազմը ներդնելու քայլերից մեկն էր։



Օրենքի նախագիծը ներկայացրել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ անդրադառնալով փաստաթղթով առաջարկվող  հիմնական փոփոխություններին: Նրա խոսքով՝ նախագծով նախ հստակեցվել են բարձրագույն կրթության որակին ներկայացվող պահանջները․ կգործի լիցենզավորման եւ հավատարմագրման մեկ միասնական կառույց՝ ամրագրելով լիցենզավորման եւ հավատարմագրման նոր պայմաններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան:


Միաժամանակ, բուհերը կարող են հավատարմագրվել նաեւ արտերկրի՝ համապատասխան որակավորում ունեցող կազմակերպությունների կողմից, սակայն վերջիններիս համար սահմանվել են ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համապատասխան չափանիշներ: «Այսինքն՝ ավելի բարձր նշաձող է սահմանվել՝ բուհերի որակավորման ստանդարտները համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»,- նշել է Սարգիս Հայոցյանը:


Նրա խոսքով՝ հստակեցվել է բուհերի կառավարման եւ խոշորացման գործընթացը, որի նպատակը հետազոտահեն կրթության կազմակերպումն է. «Բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինտեգրման առումով այս ընթացքում լսել ենք տարբեր մտահոգություններ, որոնց կապակցությամբ առաջարկել ենք որոշակի համակարգային լուծումներ: Բացի այդ՝ ներկայում բուհերի կառավարման համակարգը խիստ ուղղահայաց է, ինչը հակակշիռների եւ հավասարակշռված կառավարման տեսանկյունից խնդրահարույց է, հետեւաբար՝ այդ ոչ ներառական մոդելից անցում կկատարվի հորիզոնական բազմամասնակցային համակարգին՝ իհարկե, ապահովելով նաեւ հաշվետվողականություն»:


Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի եւ դոկտորի որակավորումներ: Ներկայիս ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին՝ ընդգրկվելով բարձրագույն կրթության համակարգում՝ որպես որակավորման երրորդ աստիճան (PhD)։

Հստակեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի դերը. սահմանվել են գիտության ոլորտում հեղինակավոր անձանց միավորելու եւ պետական քաղաքականությանը գիտական աջակցություն տրամադրելու ակադեմիայի գործառույթները. «Ակադեմիային վերապահվելու են փորձագիտական գործառույթներ՝ գնահատելու գիտական կազմակերպությունների հաշվետվությունները, իսկ գործառույթների վարչական մասը դուրս է գալու»:

 



1/1790
bottom of page