Իրաքը ծրագրում է ֆրանսիական Rafale 14 կործանիչ գնել
Իրաքը ծրագրում է ֆրանսիական Rafale 14 կործանիչ գնել՝ 240 միլիոն դոլարի չափով, ընդ որում, գործարքը կվճարվի նավթով, հաղորդում է Defense News-ը՝ հղում անելով NAMEA Group աշխարհքաղաքական քոնսալթինգային ընկերության ղեկավար, Իրաքի ՆԳ նախարարի նախկին խորհրդական եւ երկրի պաշտպանության նախարարի գլխավոր քարտուղար Նորման Ռիքլեֆսին։
«Իրաքի ռազմաօդային ուժերը մտադիր են 240 միլիոն դոլարով գնել Rafale 14 կործանիչ։ Գործարքը կվճարվի նավթով, այլ ոչ թե կանխիկ գումարով», - ասել է Ռիքլեֆսը։
Նրա տվյալներով՝ Ֆրանսիան առաջարկել է Իրաքին վաճառել 20 անօդաչու թռչող սարք։ «Ներկայումս Իրաքի պաշտպանության նախարարությունը տեխնիկական վերլուծություն է անցկացնում»,- ասել է նա՝ նշելով, որ գործարքը դեռ կնքված չէ։
Ըստ տեղեկությունների՝ մոտ ժամանակներս ծրագրվում է Ֆրանսիա Իրաքի պատվիրակության այցը՝ ԱԹՍ-ների որակը ստուգելու նպատակով։
Ռիքլեֆսի խոսքով՝ Իրաքը ԱԹՍ-ներ գնելու շուրջ բանակցություններ է վարում նաեւ Պակիստանի հետ։ «Պակիստանը նույնպես առաջարկել է Իրաքին վաճառել 20 անօդաչու թռչող սարք, սակայն ՊՆ-ն դեռ վերլուծում է առաջարկը»,- ասել է նա։