top of page

«Հնագիտական մասունքներ Շուշիից». նոր ցուցադրություն «Էրեբունի» թանգարանում



«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Ներկայացվել են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով:


2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից գորգեր և կարպետներ, հնագիտական այլ առարկաներ։

Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, ավագանու անդամներ, մշակույթի գործիչներ: Հնագետների խոսքով ներկայացված ցուցանմուշների մեծ մասը պատկանում է հայկական լեռնաշխարհի էթիունյան մշակույթին:


«Ֆենոմենն այն է, որ ուշ բրոնզ- երկաթեդարյան ժամանակաշրջանում, ի դեմս էթիունյան մշակույթի, կարող ենք փաստել, որ Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տարածքը մշակութային առումով եղել է միատարր»,- ընդգծել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 29-ը:

1/1788
bottom of page