ԱԶԳ-ՆԱՀԱՏԱԿԸ ԴԱՐՁՐԻՔ ԷՇ-ՆԱՀԱՏԱԿ․․․
Բոլոր հայտարարությունները, որ անում է Փաշինյանը, բազմիմաստ են։ Գիտե՞ք՝ ինչու է բազմիմաստ հայտարարություններ անում, որ տեղն ընկած ժամանակ ասի՝ ես այս իմաստով եմ ասել։ Նրա բոլոր խոսքերը նման են ծովային փափկարմինների ինչ որ տեսակի, որը հանրությունը չի կարող բռնել ու հաստատել, որ նա այդ իմաստով է ասել։ Այսօր նույնիսկ փորձում է հանրությանը համոզել, թե «Արցախը Հայաստան է և վերջ» իր արտահայտությունը բոլորովին այլ իմաստով է ասել։
Հիմա նրա վերջին հայտարարություններից մեկը լսենք, որն արել է 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ․ «Հայաստանի միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»։ Առաջին հայացքից հայ հանրությունն այն կընկալի որպես Վարդանանց կամ Արցախյան պատերազմների նահատակների իմաստով, չէ՞ որ նահատակ նշանակում է հավատի, գաղափարի համար զոհված մարդ։ Նման հայտարարությունից հետո հայ մարդը իրեն լավ կզգա, կասի՝ տեսեք, այդքան քննադատում եք այդ մարդուն, բայց նա ուզում է, որ մեր նահատակ, գաղափարի համար զոհված ազգը դուրս գա այդ վիճակից։ Մարդը պարզ հայտարարում է, որ կառավարության՝ այսինքն իր, առաքելությունը այն է, որ Հայաստանը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարի։ Ստոպ․ այստեղ մի պահ շունչ քաշեք։ Սա շատ վտանգավոր հայտարարություն է, որով «յուղում է» թշնամուն։ Հայ ժողովուրդը գոյատևել է հավատի, գաղափարի շուրջ միավորվելով ու հաղթելով։ Եվ աշխարհը վատ իմաստով չի օգտագործել նահատակ բառը։ Օգտագործել է ուղիղ՝ կռվի մեջ առաջամարտիկ, քաջ ախոյան, սեփական հողի համար մարտնչող, կյանքը դնող իմաստով։ Մինչդեռ դուք ազգ- նահատակից ազգը դարձրիք էշ- նահատակ․․․
Մենք հո գիտե՞նք, թե ինչ է նշանակում Փաշինյանների համար նահատակ բառը։ Բազմիցս, տարբեր երանգներով հաղորդվում ու համարյա ամեն օր մեջբերվում է նրա տիկնոջ խոսքը, որը դաշույն է դարձել հայ ազգի համար՝ «Տղաները զոհվել են հանուն ոչնչի»։ Այստեղ արդեն գործում է էշ- նահատակ կամ իշու նահատակ իմաստը, որը նշանակում է անմտաբար կամ իզուր զոհվել։ Այստեղ բացակայում է գաղափարը, նվիրումը, սերը, հավատը, հայրենասիրությունը․․․ Փաշինյանը կարո՞ղ է թշնամուն ասել՝ ես թուլացնում եմ ազգի մարտնչելու ոգին։ Իհարկե, կարող է։ Համապատասխան տեղ ու համապատասխան ժամանակում։ Դա կարող է ամրապնդել իր արտահայտած մի այլ խոսքով՝ « ․․․իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»։
Ընդամենը նրա մի հայտարարությունը «բացեցի»։ Բանալին, կամ նրա գործունեության ողջ բովանդակությունը ձեր ձեռքին է։ Վերցրեք ու բացեք և տեսեք, թե նա ինչքան բաց է խոսում իր ծրագրերի մասին։ Ինչպես է մոլորեցնում ժողովրդին կամ ինչպես է երաշխիքներ տալիս թշնամուն։ Նորից եմ հիշեցնում՝ բանալին ձեր ձեռքում է, բացեք Փաշինյանի խորհրդավոր տնակը։ Կտեսնեք, որ այնտեղ ոչ մի խորհուրդ չկա, ու դուք զուր եք սարդոստայանապատ այդ տնակում ճանճ փնտրում․․․