ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՀԱԿԸ
Հայ-ռուսական հարաբերություններում «նյարդերի պայքարը» շարունակվում է ու նոր դրսեւորումներ ստանում։ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախօրեին Հայաստանի ԱԽՔ-ին հորդորեց՝ մտահոգվել սեփական երկրի պարենային անվտանգությամբ, ու հիշեցրեց, որ Հայաստան եկող հացահատիկի 90 տոկոսը ռուսական է։ «Գուցե Արմեն Գրիգորյանը չգիտի, ես կհիշեցնեմ՝ հացահատիկի 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից»,- Զախարովայի՝ այս ոչ պատահական հիշեցումը պատասխանն էր Արմեն Գրիգորյանի մասնակցությանն «Ուկրաինական խաղաղության բանաձեւի» շրջանակում պարենային անվտանգության թեմատիկ համաժողովի առցանց նիստին, որն անցկացվել էր սեպտեմբերի 4-ին։ «Ինչո՞ւ թիկունքից գործել նրանց դեմ, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ եւ ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,- ասել էր Զախարովան։ Առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունների վայրիվերումների տարբեր փուլերում ռուսական կողմը Հայաստանին միշտ հիշեցրել է տնտեսական գործոնի, օրինակ՝ այն մասին, թե ԵԱՏՄ անդամությունը որքան օգուտ է բերում ՀՀ տնտեսությանը։ Իսկ վերջին տարիներին՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստանի տնտեսությունն ուղղակի շնչում է դեպի Ռուսաստան վերաարտահանման հաշվին։
Քաղաքագետ եւ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակ»-ին ասում է՝ Հայաստան ներկրվող ցորենի մեծ մասն իսկապես Ռուսաստանից է գալիս։ Հայաստանը ցորեն է ներկրում նաեւ Ղազախստանից, ներկրում էր Եգիպտոսից, 30 տոկոսն էլ տեղում էր արտադրվում, սակայն Արցախի հանձնումից հետո այդ կշիռն էականորեն նվազել է, եւ ցորենի առյուծի բաժինն այսօր ռուսական է։
«Արդի աշխարհում այն երկրները, որոնք չեն կարող կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն ուզում ռազմական միջոցներ կիրառել, կիրառում են տնտեսական գործիքներ։ Խոսքը պատժամիջոցների, տարբեր տեսակի արգելափակումների մասին է, եւ այս գործիքը Ռուսաստանը շատ հաճախ կիրառել է, օրինակ, Վրաստանի եւ Մոլդովայի նկատմամբ։ Հայաստանի նկատմամբ եւս այս գործիքը կիրառվել է, բայց՝ շատ սահմանափակ։ Օրինակ, մենք տեսնում ենք որոշ դրվագներ, երբ կաթնամթերքը չի ներկրվում, եւ այս տեսանկյունից, սահմանափակումներ արդեն իսկ կան, այլ հարց է, թե արդյո՞ք Ռուսաստանը սահմանափակում կդնի պարենի արտահանման նկատմամբ։ Իմ կարծիքով, ծայրահեղ դեպք պետք է լինի, որ Ռուսաստանն իր արտահանումը սահմանափակի, իսկ Զախարովայի հայտարարությունն ուղղակի հիշեցում էր»,- ասում է Հրանտ Միքայելյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ հայկական կողմը միտումնավոր քանդում է հայ-ռուսական հարաբերությունները, եւ այդ առցանց հավաքին ԱԽՔ-ի մասնակցությունը դրա դրսեւորումներից է։ «Պատահական բան չկա, միտումնավոր քաղաքականություն է, որպեսզի հասնեն իրենց նպատակին՝ տարածաշրջանը Թուրքիայի տակ մտցնեն, ինչը կարծես թե հաջողությամբ իրականացնում են»։ «Իշխանությունն ուզում է, որ իր քաղաքականությունը լինի հնարավորինս օրգանիկ, այսինքն՝ իրենք փչացնում են հարաբերությունների ֆոնը, որոշ քայլեր ձեռնարկում, որոնք, մի կողմից, կարելի է դիտարկել ոչ այնքան էական: Հասցնում են նրան, որ Ռուսաստանը սկսում է արձագանքել, եւ հետո ասում են՝ տեսեք, թե ինչ վատն է»,-շարունակոււմ է Միքայելյանը՝ ընդգծելով, որ սա Արեւմուտքից թելադրված քաղաքականություն է։
Հնարավո՞ր է արդյոք, որ Ռուսաստանն ավելի կոշտ տնտեսական գործիքներ կիրառի։ Ըստ մասնագետի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը Հայաստանի տնտեսական կյանքում ավելի էական դեր սկսեց խաղալ, եւ եթե Ռուսաստանի հետ համագործակցությունը հանենք, մեր տնտեսությունն ուղղակի փլուզվելու է, որովհետեւ ե՛ւ արտահանման, ե՛ւ ֆինանսների ներհոսքի ոլորտում ռուսական կշիռը հսկայական է։
Հրանտ Միքայելյանի խոսքով՝ այս տարվա մայիսին, երբ ռուսական կողմը խնդիրներ հայտնաբերեց հայկական գյուղմթերքում եւ խնդրեց ՀՀ իշխանություններին՝ արձագանքել, սահմանված երեքշաբաթյա ժամկետում արձագանք չեղավ։ Արձագանքը ստացվեց, երբ ռուսական կողմն արգելափակեց հայկական գյուղմթերքի մուտքն իր շուկա։ Այս օրինակը, ըստ նրա, վկայում է, որ ՀՀ իշխանություններն իրականում ցանկանում են, որ նմանատիպ իրավիճակներ լինեն, որպեսզի հետո կարողանան ասել, թե Ռուսաստանը ճնշում է մեզ։ «Այսպիսին է իրավիճակը, բայց, մյուս կողմից, Ռուսաստանի հետ բիզնեսից իրենք էլ են փող աշխատում, օրինակ՝ վերաարտահանումն իրականացվում է իշխանամերձ օլիգարխի միջոցով։ Այսպիսով, իրենք ուզում են Ռուսաստանի հետ փող աշխատել, բայց որ միայն իրենք լինեն արանքում, իրենք ուզում են, որ ռուսական շուկայի հետ կապված լայն զանգվածների շրջանում ռուսական ազդեցությունը նվազի, եւ որ Ռուսաստանը Հայաստանի դեմ սկսի տարբեր գործիքներ կիրառել, որպեսզի կարողանան իրականացնել այդ քարոզչությունը, եւ քանի որ Ռուսաստանն այդ քաղաքական վարքագծի տեսանկյունից միշտ կանխատեսելի է եւ պրիմիտիվ է գործում, միշտ կարելի է ասել՝ ահա, տեսեք, թե Ռուսաստանն ինչ է անում, սրա համար մենք պետք է պոկվենք Ռուսաստանից»,- բացատրում է Միքայելյանը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ռուսական ցորենին այլընտրանք տեսնում է՝ Ղազախստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, բայց դա կլինի ավելի թանկ, քանի որ ռուսական ցորենի գինն ինքնարժեքով ավելի ցածր է՝ հարմար ճանապարհի հաշվին։ «Հայաստանն ի վիճակի չէ իրեն ցորենով ապահովել։ Մենք ամեն տարի Արցախից ներկրում էինք շուրջ 100 հազար տոննա ցորեն, որը մեր պարենային ցորենի սպառման պահանջարկի մոտ 20 տոկոսն էր կազմում, եւ, իհարկե, այդ կորուստը մեծ հարված էր գյուղատնտեսությանը։ Մենք կարող ենք ապահովել մեր պահանջարկի 30, լավագույն դեպքում՝ 40 տոկոսը, ոչ ավելի, չհաշված այն հացազգիները, որոնք գնում են որպես անասնակեր։ Ընդհանուր մեր պահանջարկը տարեկան 1 միլիոնից մինչեւ 1 միլիոն 200 հազար տոննա է՝ անասնակերը հետը, եւ կարծում եմ, որ եթե բանը հասնի դրան, շատ երկրներ պատրաստ կլինեն Հայաստանին ցորեն վաճառել, բայց գինը կլինի ավելի բարձր»,- «Հրապարակ»-ին ասում է Բերբերյանը՝ հավելելով, որ քաղաքական հայտարարությունները վնասում են բիզնեսին։
«Մեկ օրինակ բերեմ՝ կհասկանաք, թե ինչ եմ ասում․ ԱՄՆ-ն համագործակցում էր Գերմանիայի հետ՝ այն դեպքում, երբ պատերազմ էր գնում, այսինքն՝ բիզնեսը մնում է բիզնես, եւ, իհարկե, մենք առաջին հերթին պետք է կարողանանք Ռուսաստանից ցորեն ապահովել, որովհետեւ ինքնարժեքն էժան է, բայց սխալ կլինի, եթե հանկարծ Ռուսաստանը փորձի դա գործիք դարձնել։ Մենք ունենք կոնկրետ բարեկամ ժողովուրդներ եւ հայ ժողովրդին լավը չցանկացող ժողովուրդներ, պետք է կողմնորոշվել եւ առաջ գնալ»,- ասում է Բերբերյանն ու ընդգծում՝ գյուղատնտեսությունն այսօր Հայաստանում առաջ չի գնում, որովհետեւ իշխանությունն ամեն ինչ արեց, որ այդպես լինի` առաջին հերթին փակելով ոլորտային նախարարությունը։