Նյու Յորքի ինտրիգը
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երեկ մեկնել են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Շաբաթվա սկզբին Վաշինգտոնը հայ-ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։
ԱՄՆ հայտարարությանը նախորդել էին մեկ շաբաթվա մեջ Բլինքենի հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Եվ հիմա Նյու Յորքի հիմնական ինտրիգներից մեկն այն է, թե արդյո՞ք տեղի կունենա Միրզոյան- Բայրամով հանդիպում:
Ամերիկյան հեռացող վարչակազմը դրան ձգտում է, որովհետև այդ հանդիպումն ու դրա ենթադրյալ դրական արդյունքը կարող է քաղաքական բոնուս դառնալ դեմոկրատ թեկնածուի համար՝ ամերիկյան նախագահական ընտրությունների համատեքստում:
Բայց եթե անգամ Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեսականորեն կայանա, ապա դժվար է դրանից մեծ արդյունք ակնկալելը:
Նախ, Սպիտակ տան հեռացող վարչակազմն այդքան հեղինակություն չունի՝ կարգավորման գործընթացում էական առաջընթացի հասնելու համար և հետո՝ Բաքուն այս պահին խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի:
Անգամ Ալիեւ-Բլինքեն վերջին հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը պնդել էր Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը: