ԵԱ. Մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը, եւս 4 հայ ծանրորդ
- anigevorgn
- 5 hours ago
- 2 min read
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ: Տղամարդկանց պայքարում կլինեն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Արա Աղանյանը (102 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ): Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթեւ Հակոբյանը (87 կգ) եւ Լիանա Գյուրջյանը (87 կգ):
Առաջինը մրցահարթում կլինեն 102 կգ քաշայիններ Արա Աղանյանը եւ Պետրոս Պետրոսյանը:
Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Արա Աղանյանի նախնական հայտը երկամարտում 390 կգ է, Պետրոս Պետրոսյանը երկամարտում հայտավորվել է 385 կգ-ով:
Տղամարդկանց 102 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:
Արա Աղանյանը Եվրոպայի Մ20, Մ23 չեմպիոն է, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի փոխչեմպիոն է:
Պետրոս Պետրոսյանը Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ20 փոխչեմպիոն, 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, 202ձ. Եվրոպայի Մ23 չեմպիոն:
Տղամարդկան 109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:
Այս քաշային կարգում տիտղոսի համար մրցում են 10 ծանրորդ: Ֆավորիտները Հայաստանի ներկայացուցիչներն են, որոնք ներկայացել են երկամարտի նախնական ամենաբարձր՝ 400 կգ հայտով:
Տղամարդկանց 109 կգ քաշայինների A պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:
Գարիկ Կարապետյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2019 թ. պատանիների աշխարհի փոխչեմպիոն, 2021 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն: 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկամարտի 392 կգ արդյունքով սահմանել է երեք ռեկորդ (178+214): 2023 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն է, 2023 թ. աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր եւ ռեկորդակիր, 2023 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2024 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր: Մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերին:
Սիմոն Մարտիրոսյանը 2012 թ. երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2013թ. Եվրոպայի Մ17 չեմպիոն, 2013 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2014 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ ռեկորդակիր։
Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թ. աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն: Տոկիոյի Օլիմպիակա խաղերի փոխչեմպիոն, 2021 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2023 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. Եվրոպայի փոխչեմպիոն:
Երեկոյան մրցահերթում կանանց 87 կգ քաշային կարգում մրցահարթակում կլինեն Տաթեւ Հակոբյանը եւ Լիանա Գյուրջյանը:
Այս քաշային կարգում մեդալների համար կպայքարի 9 ծանրորդ: Լիանա Գյուրջյանի նախնական հայտը երկամարտում 240 կգ է, Տաթեւ Հակոբյանը հայտավորվել է 235 կգ-ով:
Կանանց 87 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:
Տաթեւ Հակոբյանը Եվրոպայի փոխչեմպիոն է, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Մ20 Եվրոպայի եռակի չեմպիոն:
18:13 19.04.2025
15:31 16.04.2025