top of page

Նոր լարվածություն իրանա-ադրբեջանական հարաբերություններում. Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին՝ կապված իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հռետորաբանության հետ:  Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Պատճառն Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն էին, որոնք արվել են 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։ Միջոցառումը հեռարձակվել է Իրանի հեռուստաալիքներից մեկով։

«Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված այս միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանի ԱԳՆ-ում իրանցի դիվանագետին ասել են, որ հակաադրբեջանական քարոզչությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն։ «Նման գործողություններն ուղղված են ատելության և թշնամանքի սերմանմանը և չեն նպաստում միջպետական ​​և միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը, Ադրբեջանը պահանջում է դադարեցնել նման սադրանքները երկրի դեմ»,- ընդգծել են գերատեսչությունում։

bottom of page