Առաջին անգամ եվրոպական խոշորագույն ընկերությունը մուտք է գործում ՀՀ ապահովագրական շուկա
- anigevorgn
- Mar 18
- 2 min read

Առաջին անգամ եվրոպական խոշորագույն ԱՔՍԱ ընկերությունը ոտք է դնում հայաստանյան ապահովագրական շուկա։ Ֆրանսիական առաջատար ընկերության մուտքն իրականանում է հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատարներից մեկի՝ Նաիրի Ինշուրանսի հետ ռազմավարական գործընկերությամբ։
Օրեր առաջ ԱՔՍԱ ընկերությունների խմբի AXA Life and Health Reinsurance Solutions ընկերության գլխավոր գործադիր տնօրեն պարոն Լորան Պոշա-Կոտիլյուն անձամբ էր Հայաստան եկել՝ ռազմավարական գործընկերոջ հետ երկկողմ ու բազմակողմ մի շարք հանդիպումներ, քննարկումներ անցկացնելու։ Հայաստան այցի ընթացքում հանդիպումներ եղան ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչների, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի, Հայ-ֆրանսիական առևտրի պալատի, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարությունների հետ։
Ռազմավարական գործընկերության ամուր հիմքերն արդեն դրված են, ընկերությունները պատրաստ են քննարկվող պայմանավորվածությունները կյանքի կոչել՝ փոխելով ոլորտը, այն միջազգայնորեն մրցունակ դարձնելու։ Ի դեպ, մինչ մեկնարկը Նաիրի Ինշուրանսը միջազգային համապատասխանության գործընթաց է անցել։ Այն բարեհաջող՝ բարձր արդյունքներով ավարտելն էլ վերջնականապես հաստատեց՝ հայաստանյան շուկա ԱՔՍԱ-ի մուտքը հենց ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ է լինելու։
Ի՞նչ է տալու այս գործարքը երկրին ու մեր քաղաքացիներին։
Առաջին հերթին սա հայ-ֆրանսիական գործարար համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացում։ Ֆինանսական-ապահովագրական շուկայում սա առաջին նման գործակցությունն է։ Պատահական չէ, որ այս համագործակցությունը ոգևորությամբ ընդունեցին և իրենց աջակցությունը հայտնեցին ոչ միայն հայ-ֆրանսիական գործարար համայնքի ներկայացուցիչները, հեղինակավոր կառույցներ, այլև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ AXA Life and Health Reinsurance Solutions-ի հեռանկարային մասնակցությունը հայաստանյան շուկայում նոր շունչ է տալու ամբողջ ոլորտին, նպաստելու է նորարար լուծումների ներդրմանը, ոլորտի զարգացմանն ու աճին։ AXA Life and Health Reinsurance Solutions-ը համագործակցում է աշխարհի գրեթե 7 տասնյակ երկրների ապահովագրական ընկերությունների հետ, միջազգային նման փորձի՝ Հայաստան գալը, վստահաբար, շատ արագ ու մեծ փոփոխություններ է բերելու։
ՀՀ քաղաքացիներն էլ այս համագործակցության պտուղները շուտով կկարողանան քաղել։ Առաջին անգամ ՀՀ քաղաքացին կարողանալու է ունենալ միջազգային ծածկույթով առողջության ապահովագրություն։ Սա բացառիկ ծրագիր է, մեր շուկայում նման պրոդուկտ առաջին անգամ է ներկայացվում։ Այսօր Հայաստանից հաճախ են եվրոպական երկրների բուժման նպատակով մեկնում։ Գաղտնիք չէ, որ արտերկրում բուժծառայությունները բավականին թանկ արժեն։ Ձեռք բերելով բժշկական ապահովագրություն՝ մեր քաղաքացին կարողանալու է որակյալ բուժծառայություններ ստանալ, սպասարկվել աշխարհի տարբեր երկրներում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին ձեռք է բերում հենց ԱՔՍԱ-ի բժշկական ապահովագրություն, ստանում ապահովագրական քարտ, որի շնորհիվ ստանում է բուժսպասարկում աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՔՍԱ-ի գործընկեր բուժհաստատությունների կողմից։
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ և ԱՔՍԱ-ի համագործակցության արդյունքում այլ բացառիկ պրոդուկտներ ևս ստեղծվելու են։ Սա հնարավորություն է տալու հայաստանյան շուկային մրցունակ դառնալ եվրոպական չափանիշներով։