top of page

«ՔՅԱՍԻԲԻ ՌԱԴԻՈՆ» ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ՈՂՋ ՕՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ` ՉԻ ԳՆՈՒՄ

Իրավական վակխանալիան հենց այսպիսին է լինում. անօրինական, հակասահմանադրական հայտարարություններ երկրի առաջին դեմքի կողմից, իշխանության տարանջատման սկզբունքի համատարած ոտնահարում, խումհարի մեջ` կիրակի օրով, sms-ներով իջեցված հրահանգներ՝ հրաժարական գրելու առաջարկով, բարձրաստիճան պաշտոնյաների ոչխարային հնազանդություն եւ ոչ մի բացատրություն հանրությանը` ինչի համար, ինչպես, ինչու։



Կադրային ջարդի այս ալիքը սկսվեց կառավարության վերջին նիստից, որի ժամանակ մի անհասկանալի, խառնափնթոր ճառ ասաց երկրի վարչապետը` այն մասին, որ իր համբերության բաժակը լցվել է: Ինչ ուզել են ուժայինները, ինքը տվել է, բայց արդյունք չկա` դատեր կան, որ 7 տարի գնում են, իր ուզած մարդիկ չեն պատժվել, ովքեր «վերեւից էին նայում մարդկանց, շարունակում են վերեւից նայել», շարունակում են փողոցներում «ճռիկ-վռիկներ» անել, եւ այլ անհոդաբաշխ արտահայտություններ: Մի խոսքով` հոգեպես անհավասարակշիռ, իր լիազորությունների սահմանները չճանաչող մարդու խոսք, որին լսող ուժայինները երեւի աղոտ էին հասկանում, թե ինչ է իրենցից ուզում այս մարդը:


Նիստից հետո տեղեկացանք, որ բոլոր ուժայինների ղեկավարները գնացել եւ խորհրդակցություններ են արել իրենց գերատեսչություններում: Դատարանն անմիջապես բերման ենթարկելու որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ, թեեւ այդ դատավարությունն ինքնին ապօրինի է եւ միայն Փաշինյանի ցանկության պատճառով է շարունակվում: Գյումրիում կալանքի տարան Սամվել Բալասանյանի որդուն` Խաչատուր Բալասանյանին: Այսինքն պարզվեց` դատավորները լավ էլ հասկացել են, թե ինչ է իրենցից ուզում 6 տարում վրեժի ծարավը չհագեցրած Նիկոլ Փաշինյանը:


Բայց պարզվեց` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միայն դա չի ուզում` նրա սիրտը լայնածավալ շոու եւ հորդառատ «արյուն» է ուզում, տվյալ դեպքում` պաշտոնյաների «արյուն», որ իր ընտրողին ցույց տա, թե շարունակում է պատժիչ գործողությունները, եւ չքավոր խավի հավերժ ատելությունն ունեւոր խավի նկատմամբ իր համար շատ կարեւոր է, ուստի փորձելու է հագուրդ տալ այդ խավի պահանջներին, որ վերականգնի 2018-ին ժողովրդական վրիժառուի իր կերպարը եւ վերընտրվի:


Կառավարության նիստից 2 օր անց՝ հանգստյան օրը, նա Իջեւանում մատաղ ուտելուց հետո որոշել է շարունակել այս խաղը` հասկացնելու բոլորին, թե ով է «երկրում ասողը»: Այսպես ասած, ուժ ցուցադրել, որ ոչ մեկը չհամարձակվի իրեն «թույլ» ղեկավար համարել, որ ոչ մեկն իրեն «քյասիբի ռադիոյի» տեղ չդնի եւ չմտածի, թե «մի բան էր՝ ասեց, կարող են չկատարել իր ասածները»:


Բայց ինչքա՜ն պետք է մարդը չգիտակցի պետական կառավարման սկզբունքները եւ իր առաքելությունը, որ, զբաղեցնելով նման պաշտոն, նման ձեւով իրեն պահի.


1. Մարդկանց ոչ թե ազատի, այլ առաջարկի դիմումներ գրել` կամովին հեռանալ: Եթե վատ են աշխատել եւ արժանի են հեռացման, ինչո՞ւ են իրենց դիմումներով հեռանում, այլ ոչ թե հրամանագրերով: Ինչո՞ւ չեն հրապարակվում նրանց վատ աշխատանքի հանգամանքները, հանրությանն ինչո՞ւ չեն տեղեկացնում, թե ինչում են թերացել այս պաշտոնյաները: Եվ ինչո՞ւ այսպես «բիրիքով»` փնջով ու մեկ օրում:


2. Մարդկանց բարձր պետական պաշտոններից ազատի հանգստյան օրը` Վոթսապից ուղարկված sms-ներով՝ նրանց չբացատրելով իր հանկարծահաս հիստերիայի պատճառը եւ երեսառերես չխոսելով, չբացատրելով պատճառները, այլ ստորացնելով ու նվաստացնելով, ըստ էության` այդ բոլոր անձանց օգտագործելով ու դեն նետելով:


3. Ինչպե՜ս կարող է սոցցանցերում աղմուկից հետո միայն հրապարակել բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոններից ազատելու որոշումը: Ինչքա՜ն պարապ է այս երկրի ղեկավարը, որ ողջ օրը հեծանիվ է վարում, հետեւում սոցցանցերում գրառումներին: Այդ դեպքում ինչո՞ւ չի տեսնում իր հասցեին գրված կարծիքներն ու իր հրաժարականի հազարավոր պահանջները: Ինչո՞ւ ինքը դիմում չի գրում, մեզ՝ բոլորիս ազատելով իրենից:


Երկիրն իր ապրումների, իր վախերի, իր վրիժառության, իր գիտելիքների ու պատկերացումների պրիզմայով գնահատող, պետական կառավարումից այդպես էլ ոչինչ չհասկացած, բոլոր պետական ինստիտուտները ոչնչացնող այս անձը որոշել է խելագարության հասցնել բոլորին: Արտաքին ասպարեզում բացարձակապես կրախի մատնվելուց եւ ՀՀ իշխանության մանյովրի ամպլիտուդը մինիմումի հասցրած Փաշինյանը փորձում է գոնե ներքին դաշտում իրարանցում առաջացնել, օրակարգ թելադրել, շոու սարքել, որ իր նախկին «դուխով» իմիջը վերականգնի: Այսինքն՝ հերթական մանիպուլյացիաների եւ խաբեության միջոցով փորձում է իշխանություն պահել:



1/1788
bottom of page