Ատամի խոզանակների վրա հարյուրավոր վիրուսներ են ապրում. փորձագետները սա լավ լուրն են համարում
- anigevorgn
- Oct 28, 2024
- 3 min read

Տաք ցնցուղը ոչ միայն մարդիկ են սիրում. վիրուսները ևս տաք ջրում իրենց բավականին հարմարավետ են զգում:
Միացյալ Նահանգներում անցկացված հետազոտությունը, որի արդյունքները հոկտեմբերին հրապարակվել են Frontiers in Microbiomes հանդեսում, ցույց է տալիս, որ ցնցուղի ջրցիրների վրա վարակիչ ազդակների զանազան համակեցություններ են ձևավորել:
Եվ ոչ միայն այնտեղ։ Մեր լոգարանների բոլոր մակերեսները, պատկերավոր ասած, պատված են կենսաթաղանթով, որտեղ բազմազան վիրուսներ են վխտում:
Թվերը տպավորել են անգամ հետազոտողներին. հայտնաբերվել է ավելի քան 600 տեսակ, և դրանք առանձնապես շատ են են ցնցուղի ջրցիների վրա, ինչպես նաև ատամի խոզանակների մազերի վրա:
«Անհավանական է, թե որքան միկրոօրգանիզմներ ենք մենք հայտնաբերել»,-նշում է Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանից մանրէաբան Էրիկա Հարթմանը, որը ղեկավարում էր այդ ծրագիրը: Նրա թիմը հայտնաբերել է վիրուսների երկու տեսակ, որոնց մասին քիչ բան է հայտնի և որոնք միանգամայն նոր բան են գիտության համար, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
«Զարմանալի է, թե որքան շատ չհետախուզված կենսաբազմազանություն կա մեր շուրջը: Եվ հեռու գնալ պետք չէ, այն հենց մեր քթի տակ է»,-նկատում է գիտնականը: Այս հայտնագործությունը թերևս կօգնի, դիցուկ, դեղորայքակայուն միկրոօրգանիզմների դեմ պայքարի նոր եղանակները որոնելիս։
Գիտնականներն իրենց նախագիծը սկսել են սոսկ հետաքրքրասիրությունից դրդված։ Նրանք ուզում էին իմանալ՝ մեր բնակարաններում ինչ մանրէներ կարելի է հանդիպել: «Երբ խոսքը վերաբերում է ներքին տարածքներին, սեղանների և պատերի պես մակերեսներին միկրոօրգանիզմների համար կյանքի անբարենպաստ պայմաններ կան», - պարզաբանում է Հարթմանը: Փոխարենը, նրանք նախընտրում են ջրով միջավայրեր, օրինակ՝ ցնցուղի ջրցիրներն ու ատամի խոզանակները լոգարանում: Քանի որ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Եվրոպայում մարդկանց մեծամասնությունն իր կյանքի մոտ երկու երրորդն անցկացնում է առանձնատներում կամ բնակարաններում, և գիտելիքները նրա մասին, թե այդ տարածքներում ինչ մանրէներն են ապրում, անչափ օգտակար է:
Պարզվում է՝ միկրոօրգանիզմների խմբի կազմը հնարավոր է՝ խիստ տարբերվի՝ կախված դրա գտնվելու վայրից։ Ատամի խոզանակների վրա այդ մանրէներն անհամեմատ ավելի շատ են, և դրանք ավելի բազմազան են, քան ցնցուղի ջրցիրների վրա: Խոզանակների վրա հիմնականում հայտնաբերվում են մարդու բերանից գաղթած մանրէներ, իսկ ցնցուղների ջրցիրների վրա՝ շրջակա միջավայրից:
Գիտնականները միաժամանակ հայտնաբերել են քաղաքային ջրամատակարարման համակարգերում ապրող և հայտնի պաթոգեններ պարունակող միկրոօրգանիզմներ, որոնք, իրենց հերթին, անվերահսկելի կերպով բազմանալու դեպքում կարող են սպառնալ մարդու առողջությանը: Հայտնաբերված մանրէների բազմազանությունն այնքան մեծ էր, որ նույնական կազմով երկու համակեցություններ չգտնվեցին ո՛չ ցնցուղի ջրցիրների, ո՛չ էլ ատամի խոզանակների վրա:
Մանրէներն իրենց կենսագործունեության բոլոր փուլերն ինքնուրույն ապահովելու ունակ միաբջիջ կենդանի օրգանիզմներ են։ Վիրուսները, իբրև կանոն, չեն կարող ինքնուրույն գոյատևել, հետևաբար վերարտադրվելու համար այլ՝ մարդկանց, կենդանիների և նույնիսկ բույսերի բջիջներ են օգտագործում: Սակայն ոչ բոլոր վիրուսներն են մարդկանց համար պաթոգեն, և, միաժամանակ դրանք գիտությանը կարող են օգտակար լինել:
Միկրոօրգանիզմները, որոնք հետազոտողները կարողացել են նույնականացնել, իրենցից նաև բակտերիոֆագներ են ներկայացնում: Դրանք բնական ճանապարհով բակտերիաների տարածումը սահմանափակող վիրուսներ են, որոնք ընդունակ են ընտրողաբար ոչնչացնել պաթոգեն տեսակները՝ առանց նորմալ միկրոֆլորան կամ բջիջները վնասելու: Դրանք Երկրի վրա ամենատարածված վիրուսների խմբերից են և մարդկանց համար վտանգավոր չեն։ Հաշվի առնելով հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների աճող դիմադրությունը, հույս կա, որ հայտնաբերված բակտերիոֆագները բակտերիալ վարակների կանխարգելման և բուժման համար կօգնեն նոր հնարավորություններ բացել:
Ընդ որում, այս բնական ազդակները կարող են կիրառվել մաքրող միջոցներ ստեղծելու համար: «Որքան շատ եք հարձակվում մանրէների վրա ախտահանիչներով, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք դիմադրողականություն կզարգացնեն կամ դրանց ոչնչացնելն ավելի դժվար կլինի,- պարզաբանում է Հարթմանը: -Մենք պետք է պարզապես ընդունենք դրանց գոյության փաստը։ Մանրէներն ամենուր են, և դրանց ճնշող մեծամասնությունը մարդկանց չի հիվանդացնում»։
Այն, որ ջրային միջավայրերը կենսալից են, նորություն չէ: Տրամաբանական է, որ խոնավ լոգասենյակներում մանրէները, սնկերը և վիրուսները բնակություն են հաստատում և զարգանում են այնտեղի բոլոր մակերեսների վրա։ Հարթմանի խումբը միաժամանակ հետազոտել է այս հարցն իրենց վերջին ուսումնասիրությունից առաջ: Մասնավորապես, գիտնականները պարզել են՝ արդյոք մանրէներն ատամի խոզանակների վրա հայտնվում են աերոզոլային սյունից, որը ձևավորվում է բաց կափարիչով լվացվող զուգարանակոնքին: Հետազոտելով 34 նմուշ՝ փորձագետները պարզել են, որ խոզանակների միկրոբիոմներում (որոշակի միջավայրում բնակվող միկրոօրգանիզմների ամբողջություն) դեռևս գերակշռում են բերանի խոռոչի և մաշկի տարբեր ազդակներ, մինչդեռ շրջակա միջավայրից հատուկ շտամներն ավելի քիչ են: Ավելին, արդյունքները համարժեք էին, անկախ նրանից՝ խոզանակը լվացարանին դրված բաժակի մեջ է, թե փակ պահարանի դռնակի հետևում է թաքնված։
Էրիկա Հարթմանն ընդգծում է, որ ատամի խոզանակի վրա ապրող մանրէները չպետք է մեզ անհանգստացնեն: Եվ եթե ատամնաբույժն այլ հանձնարականներ չի տալիս, չարժե օգտագործել հակամանրէային ատամի մածուկներ սովորականի փոխարեն, քանի որ դրանով ազատվում ենք մանրէներից, միևնույն ժամանակ ստիպում ենք վերապրած մանրէներին հարմարվել և հակամանրէային նյութերի նկատմամբ դիմադրողականություն զարգացնել:
2018-ին անցկացված հետազոտությունը, որն ուսումնասիրում էր ցնցուղի ջրցիրների միկրոբիոմը, ցույց է տվել, որ հատկապես Միացյալ Նահանգներում, այն շրջաններում, որտեղ ցնցուղի գլխի ջրցիրների վրա որոշակի մանրէներ են հայտնաբերվել, բակտերիալ թոքաբորբի դեպքերի աճ է արձանագրվել:
Բարեբախտաբար, ըստ Էրիկա Հարթմանի խմբի վերջին հետազոտության, լոգարաններում հայտնաբերված բակտերիոֆագները սովորաբար հենց այս վնասակար միկրոօրգանիզմների դեմ են պայքարում:
«Մենք կարող ենք պատկերացնել այս բակտերիոֆագների օգտագործումը ջրային համակարգերից պաթոգենները հեռացնելու համար»,-ասում է Հարթմանը:
«Բացի դրանից, խոսքը հայտնաբերված վիրուսների բոլոր գործառույթներն ուսումնասիրելու և դրանց կիրառման վայրերում հայտնաբերելու մասին է»,- համոզմունք է հայտնել միկրոկենսաբանը։