Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում շատ կարճ ժամանակամիջոցում. Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում , և ինչպես բազմիցս ինքն է նշել, շատ կարճ ժամանակամիջոցում: Ինչպես և ինչ մեթոդներով, նույնպես շատ պարզ է: Զենքի և զինամթերքի մատակարարման դադարեցմամբ, որից հետո Զելենսկին հաստատ կգնա զինադադարի: Դեռ ավելին, ԱՄՆ նոր նախագահը եվրոլիդերների առջև դնելու է կատարված ծախսերի և վնասների համամասնական բաժանման պահանջը, եվրոպացիների անվտանգության համար ծախսված միլիարդները չպետք է մնան ամերիկյան ժողովրդի ուսերին:
Այս մտքերն են հնչեցվել նախագահական քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրա համար էլ Թրամփը հաղթեց ընտրություններում: Թվում է, թե ամեն ինչ պարզ ու հասկանալի է: Սպիտակ Տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն անշուշտ ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ:
Ինչ հետևանքներ՞, կրկին դժվար չէ կռահել, հատկապես Հայաստանում:
Բայց արի ու տես այս պարզ ճշմարտությունները հասկանալու և ընդունելու փոխարեն հայաստանյան արևմտասեր քաղաքագետները իրենց դարակազմիկ, ոչ հիմնավոր թեզերն են շրջանառում զանգվածային լրատվամիջոցներով, որոնք խմբագրելով ու եզրահանգումները ամփոփելով կարելի է նշել հետևյալը՝
Թրամփի ասածները շատ լուրջ մի ընդունեք, շատ էլ, որ ասել է, նա շարունակելու է պատերազմը մինչև հաղթական ավարտ, որովհետև Պուտինը չի զիջի ոչինչ
Ուկրաինայում կռվում են հանուն ժողովրդավարության և պետք է քաջալերել նրանց
ԱՄՆ շատ քիչ է ծախսել, չնչին են դրանք, գանձարանը չի դատարկվել և կարող են շարունակել բայդենյան գործելակերպը
Հայաստանի ապագա անվտանգությունը ժողովրդավարության մեջ է և դրա համար հակաժողովրդավարական Ռուսաստան ագրեսորի պարտությունը կլինի ժողովրդավարության հաղթանակ:
Եվ այսպես շարունակ:
Թրամփի հակապատերազմական հռետորաբանությունը զարմանալիորեն շատերի սրտով չէ և զարմանալի է, որ այդ երևույթը պատերազմներից մասնատված, ծվատված և քայքայված Հայաստանում է և առավել զավեշտալի է, որ այդ տոնով խոսում են ժողովրդավարության ջատագովները:
Ժողովրդավարությունն առաջին հերթին հումանիզմ է ենթադրում: Հումանիզմն իր հերթին ոչինչ է, եթե չկա կյանքի իրավունք:
Ով է հարցրել ուկրաինական ճակատում իրենց կյանքը կորցրած հարյուր հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդներից, իրենց համար որն է նախընտրելի, մահը հանուն ժողովրդավարության, թե կյանքը ոչ ժողովրդավար երկրում: Խոսելուց առաջ մտածեք և կշռադատեք հարգելի գործընկերներ:
Եվ վերջում ավելացնեմ, վրաց ժողովրդի քաղաքական ներկա ղեկավարությունը տվեց այս հարցադրման պատասխանը, ուսանելի և ազգանպաստ որոշում և ուղերձ ժողովրդավարության ջատագովներին, որն էր՝ «ոչ Վրաստանի ուկրաինացմանը»:
Ես հուսով եմ, որ մեր ներկա իշխանությունները չեն անտեսի հարևան երկրի օրինակը»: