«Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես կպահեր ամեն նորմալ հայ մարդ»․ Մասիվի թաղապետը՝ Չախոյանին ծեծելու մասին
- Ani
- 7 hours ago
- 1 min read
Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ անդրադառնալով ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին, որին մասնակցել է նաեւ ինքը:
Հարցին՝ նորմա՞լ է, որ որպես վարչական շրջանի ղեկավար մասնակցում էիք ծեծկռտուքին, նա արձագանքեց. «Ես վարչական շրջանի ղեկավարից բացի նաեւ տղա եմ ու երբ գալիս են, հայհոյում են վարչական շրջանի ղեկավարին ու անվայել պահվածք են դրսեւորում, այո, կարծում եմ՝ ճիշտ է»:
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանեցին շենք, բերման ենթարկեցին միայն Չախոյանին:Ոստիկանական պաշտոնյան չհայտնեց, թե ինչու են միայն Չախոյանին բերման ենթարկում, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
Նշենք, որ Արթուր Չախոյանի աչքին կապտուկ կար:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարեցին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել էր իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայոհոյել է: