top of page

Ինչ է եղել Արցախում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Սպուտնիկ Արմենիա

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 11 minutes ago
  • 2 min read

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ ՄելքումյանըSputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այն պնդումները, թե Արայիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ, և որ Արցախի ղեկավարությունը մերժել է Բաքվի հետ բանակցելու առաջարկները, որոնք առաջ էին քաշվել ադրբեջանական ագրեսիայից և արտագաղթից քիչ առաջ։ Ինքը՝ Մելքումյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի հետ սեպտեմբերին Եվլախում բանակցել է ադրբեջանցիների հետ, բայց արդեն սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողություններից հետո։

Ըստ Մելքումյանի` բոլորը դեմ են եղել Հարությունյանի հրաժարականին։ Նրա հեռանալը չեն ցանկացել ո՛չ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որոնք, ինչպես Հարությունյանը, այսօր գտնվում են Բաքվի բանտում, ո՛չ էլ որևէ քաղաքական գործիչ` չնայած բոլորն ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, պետք է կազմակերպենք նոր ընտրություններ։

«Հրաժարականի բոլոր պրոցեսները գեներացնում էր Արայիկ Հարությունյանը, և մի օր լսում ենք, որ հրաժարականը ստորագրել է։ Մենք դա իմացել ենք պոստ ֆակտում: Եվ որպեսզի 9 ամիս բլոկադայից հետո առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկիրը չթողնենք առանց նախագահի, մենք բոլորս ստիպված էինք գնալ այդ քայլին»,– ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ լայնածավալ ագրեսիայից առաջ Ադրբեջանի հետ այս կամ այն ձևով անընդհատ բանակցություններ են ընթացել։ Դրանք վարել են և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք այլ ներկայացուցիչներ, օրինակ՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Ադրբեջանի հետ բանակցել է նաև Հայաստանը։

Ինչ վերաբերում է Սոֆիա մեկնելու առաջարկին, որին ավելի վաղ անդրադարձել էր նաև Շահրամանյանը, ապա այդ առաջարկն առաջ է քաշվել դեռևս Հարությունյանի հրաժարականից առաջ։ Մելքումյանի խոսքով` Հարությունյանը միակն էր, որի հետ շփվել են Հայաստանի իշխանությունները։

«Այն թեզը, թե Ստեփանակերտը հրաժարվել է Բաքվի հետ բանակցություններից, չի համապատասխանում իրականությանը։ Եղել է հանդիպման առաջարկ, որը Լեռնային Ղարաբաղը չի մերժել, թեև ասել է, որ ինքն էլ առաջարկներ ունի։ Լեռնային Ղարաբաղի դիրքերն այնքան ուժեղ չէին, որ Ստեփանակերտը կարողանար մերժել բանակցությունների առաջարկները։ Եվ պետք է ասեմ, որ այդ բոլոր քննարկումները, այդ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», - հավելեց մեր զրուցակիցը։

Սակայն եթե անգամ ղարաբաղյան պատվիրակությունը մեկներ Սոֆիա կամ այլ տեղ, ապա անհնար է պատկերացնել, թե Ադրբեջանը կստորագրեր խաղաղության պայմանագիրը և ամեն ինչ տեղը կընկներ։

Մելքումյանը համոզված է, որ դա կլիներ բանակցությունների հերթական իմիտացիան։

«Ի վերջո, մենք համոզվեցինք, թե որն էր Բաքվի նպատակը»,– ասաց նա։

Մելքումյանի խոսքով` դեռ հնարավորություն կլինի սթափ և առանց էմոցիաների վերլուծելու սեպտեմբերյան այդ օրերին տեղի ունեցածը, այդ թվում՝ Եվլախի բանակցությունների արդյունքները: Այդ հանդիպմանը Մելքումյանը դեռ չի ցանկանում անդրադառնալ, նշում է՝ հանրությունն էլ պատրաստ չէ լսել այդ ամենը․ եղած ինֆորմացիան ճիշտ չի ընկալվի մարդկանց կողմից։ Բայց մի հարցում նա վստահ է՝ Սամվել Շահրամանյանի քայլերը թույլ տվեցին փրկել տասնյակհազարավոր կյանքեր, զինվորականների և քաղաքացիական անձանց։ Իշխանությունների գործողությունների արդյունքում հաջողվեց կազմակերպել համեմատաբար անվտանգ տարհանում։  

bottom of page